Թողարկվել է Շարան հայկական հավելվածը, որը հայ գրողների երկերի ծավալուն ձայնադարան է: Այն պարունակում է հին և միջնադարյան ու նոր շրջանի գրողների ստեղծագործությունների աուդիո տարբերակը: Երկերը կարդացողների թվում են Հրաչյա Ներսիսյանը, Սոս Սարգսյանը, Վլադիմիր Աբաջյանը, Ազատ Գասպարյանը, Սարգիս Նաջարյանը և այլք: Հավելվածի հիմնադիրներն են Ռուզաննա Ղազարյանը և Ասատուր Խուրշուդյանը:
Ռուզաննան ittrend.am-ի հետ զրույցում ասաց, որ առայժմ թողարկվել է միայն հավելվածի iOS-տարբերակը, սակայն մոտակա շաբաթների ընթացքում պատրաստ կլինի նաև Android-տարբերակը:
Շարանի նպատակն է աշխարհի հայերին և հայոց լեզուն սիրողներին հնարավորություն տալ օգտվել հայոց գրական ժառանգությունից: Այժմ Շարանն ընդգրկում է Հայ գրականության Ոսկեդարից (Դ-Ե դարեր) ցայսօր ստեղծած երկերի մի փոքր մասը միայն, որը հավաքվել է տարբեր անհատների պահոցներից և համալրվում է ժամանակ առ ժամանակ։
«Շարանի ստեղծման աշխատանքներն սկսելու պահից մինչև այժմ չենք մտածել մոնետիզացիայի մասին, բացի այդ՝ Շարանն առայժմ ընդգրկում է ձայնագրություններ անհատների պահոցներից, և մենք պահպանում ենք նրանց հեղինակային իրավունքները: Այնուամենայնիվ, օգտատերերի նախասիրություններով պայմանավորված, սկսել ենք տարբեր երկեր ձայնագրել, որոնք վճարովի կլինեն՝ բացառապես գաղափարը շարունակելու համար»,-ասաց համահիմնադիրը:
Այժմ Շարանի ձայնադարանում են Ագաթանգեղոսի (Ե դար), Գրիգոր Նարեկացու (Ժ-ԺԱ դարեր), Սուրբ Ներսես Շնորհալու (ԺԲ դար), Սայաթ Նովայի (ԺԶ դար), Հակոբ Պարոնյանի (1843-1891), Պետրոս Դուրյանի (1851-1872), Միսաք Մեծարենցի (1886-1908), Հովհաննես Թումանյանի (1869-1923), Պարույր Սևակի (1924-1971), Համո Սահյանի (1914-1993), Պերճ Զեյթունցյանի (ծ. 1938) և շատ այլոց ստեղծագործությունները, ինչպես նաև հայ ժողովրդական հեքիաթներ: