Яндекс Такси-ն այսօրվանից աշխատում է Երևանում։ Այն թույլ է տալիս արագ ազատ մեքենա գտնել՝ առանց դիսպետչերին զանգահարելու։ Ծառայությունը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Պատվեր կարելի է կատարել բջջային հավելվածի կամ taxi.yandex.com կայքի միջոցով։
Ծառայությանն այս պահին միացված է ավելի քան 250 մեքենա Երևանի 11 տաքսի ծառայություններից։ Շտապ պատվերները ծառայությունը փոխանցում է այն վարորդներին, ովքեր առավել մոտ են հաճախորդին, ինչի շնորհիվ մեքենան արագ է մոտենում պատվիրատուին։ Երևանում տաքսիի տրամադրման ժամանակը կկազմի 5-10 րոպե։ Մեքենայի ժամանմանը կարելի է հետևել անմիջապես քաղաքի քարտեզի վրա, իսկ վարորդի հեռախոսահամարն ու մեքենայի պետհամարանիշը ծառայությունն ուղարկում է SMS-հաղորդագրության միջոցով։ Ծառայության համար դեռևս կարելի է վճարել միայն կանխիկ դրամով։ Ուղևորության առաջին երկու կիլոմետրը կարժենա 100 դրամ, այնուհետ՝ 100 դրամ յուրաքանչյուր կիլոմետրի համար։ Առաջիկայում հաճախորդները կկարողանան վճարել նաև բանկային քարտով։
Հայաստանում ծառայության մեկնարկի կապակցությամբ Яндекс-ը հատուկ թարմացրել է Երևանի քարտեզը, որպեսզի հնարավոր լինի հեշտությամբ գտնել ցանկացած հասցե և որոշել օպտիմալ երթուղին:
Яндекс Такси ծառայությունը մեկնարկել է 2011թ-ին։ Այն աշխատում է ռուսաստանյան 20 քաղաքներում և Մինսկում։ Նախատեսվում է ծառայությունը գործարկել Վրաստանում, Ղազախստանում և այլ երկրներում։ Ընդհանուր առմամբ` Яндекс Такси-ին միացված է ավելի քան 70 հազար ավտոմեքենա շուրջ 500 տաքսոպարկերից և դիսպետչերականներից։