Երբևէ ցանկացե՞լ եք հին սև և սպիտակ նկարները տեսնել իրական գույներով, երկրորդ կյանք հաղորդել դրանց: Սև ու սպիտակ նկարները գունավորելու համար առաջարկում ենք օգտվել Colorize Photos ծառայությունից: Այս ծառայությունը գործնականում արհեստական ինտելեկտի կիրառման ևս մեկ տարբերակ է: Այն ստեղծվել է նեյրոցանցերի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականների կողմից: Նրանց ստեղծած նոր ալգորիթմը սև և սպիտակ նկարները դարձնում է գունավոր:
Colorize Photos –ի կայքի յուրաքանչյուր այցելու կարող է օգտվել ծառայությունից, պարզապես հատուկ առանձնացված տողում պետք է դնել նկարի հղումը և մեկ կոճակի սեղմումով նկարը գույներ ձեռք կբերի:
Նկարը պատրաստվում է մի քանի վայրկյանում, բայց այդ ընթացքում արհեստական ինտելեկտը կատարում է մեծածավալ աշխատանք: Նկարի բովանդակությունը անալիզի ենթարկելուց հետո, սկսում է ճանաչել ծանոթ առարկաները, իր բազայից առանձնացնում է տվյալ առարկաների մոտավոր գույները և վերջում կիրառում նկարի վրա:
Ճշգրիտ արդյունքը շատ դեպքերում կախված է նկարից, որն ուզում եք գունավորել: Հաճախ արդյունքը անթերի է լինում, երբեմն էլ ոչ այնքան հաջող է ստացվում փոփոխությունը: Փորձերի ընթացքում, պարզ է դառնում, որ Colorize Photos-ը ամենալավը գլուխ է հանում մարդկային մարմնի, ջրի, ծառերի, մեքենաների, շինությունների գույներից: