Այսօր Երևանում անցկացնում է Startup Europe Week Yerevan միջոցառումը: Հայաստանը արդեն 2-րդ տարին է, ինչ միացել է Startup Europe Week-ին, որն այս տարի անցկացվում է փետրվարի 6-10 Եվրոպական ավելի քան 300 քաղաքներում: Startup Europe Week-ի նպատակն է համախմբված ներկայացնել այն բոլոր միջոցառումներն ու հնարավոր աջակցման տարբերակները, որոնք իրականացվում են սթարթափ ընկերությունների օժանդակության համար:
ittrend-ի հետ զրույցում Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը կարևորեց հատկապես այն փաստը, որ հայկական սթարթափերի համար միջոցառումը կարող է դառնալ Եվրոպական շուկա մուտք գործելու հնարավորություն:
«Սա հնարավորություն է նորաստեղծ կազմակերպությունների համար ծանոթանալու նոր նախագծերի և հնարավորությունների հետ: Մեր սթարթափերին ավելի մոտեցնելու դեպի Եվրոպական շուկա: Մենք արդյունավետ աշխատում ենք ԱՄՆ-ի հետ, բայց Եվրոպայի հետ դեռևս անելիքներ ունենք: Արդեն ունենք եվրոպական շուկայից հետաքրքություն, հատկապես Հոլանդիայից, մի քանի կազմակերպություններում ներդրողներ են կատարել, բայց դեռ անելիքներ կան մեր կազմակերպություններ ավելի ճանաչելի դարձնելու հարցում: Հուսով եմ այս միջոցառումը շարունակական կլինի հաջորդ տարիներին»,- նշեց Բագրատ Ենգիբարյանը:
Սա Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռներեցների և սկսնակ գործարարների համար արդյունավետ և լայնածավալ նախաձեռնություն է՝ ստանալ ամբողջական տեղեկատվություն տվյալ երկրում սթարթափ էկոհամակարգի ուղղությամբ իրականացվող միջոցառումների վերաբերյալ:
Startup Europe Week 2017 Yerevan-ը կհամախմբի ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին, որի նպատակը նպաստել և աջակցել Հայաստանում ձևավորվող սթարթափ միջավայրի զարգացմանը: Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի սթարթափ էկոհամակարգի հիմնական դերակատարում ունեցող ներկայացուցիչները:
Այս տարի միջոցառման ընթացքում քննարկվում են հետևյալ թեմաները՝
- Հայաստանյան սթարթափ էկոհամակարգի նոր նախաձեռնությունները
- Պետական աջակցություն
- Ինովացիոն և բիզնես զարգացման դրամաշնորհային ծրագրեր
- Սոցիալական ձեռներեցություն
Նշենք, որ Startup Europe Week 2017 Yerevan-ի կազմակերպվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և ISTC Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի նախաձեռնությամբ:
Նունե Գրիգորյան