Նոր «Արմաթ» Լոռու մարզում

????????????????????????????????????

Լոռու մարզի Քարինջ գյուղի ՍՄԱՐԹ սենյակում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) համատեղ ջանքերով:

Քարինջի խմբակում ընդգրկված են 11-14 տարեկան 13 երեխաներ, ովքեր հանդիպում են շաբաթական 6 ժամ։ Այժմ նրանք սովորում են Scratch և Kturtle ծրագրերը, որից հետո կսկեն ռոբոտներ հավաքել լաբորատորիայում առկա հավաքածուից, եռաչափ 3D տպիչով և CNC շաղափային հաստոցով անհրաժեշտ դետալներ պատրաստել։

«Մենք կարևորում ենք մարզերում տեխնոլոգիական ժամանակակից կրթության ապահովումը, քանի որ այն իր հետ բերելու է նաև համայնքային ձեռներեցության զարգացում: Վստահ եմ, որ այս լաբորատորիայի սաներն առաջիկայում հանդես կգան իրենց ստեղծարար և մրցունակ գաղափարներով»,- ընդգծել է ԻՏՁՄ տնօրեն Կարեն Վարդանյանը։

Լաբում աշակերտներն աշխատում են հայաֆիկացված Scratch և Kturtle ծրագրավորման կրթական ծրագրերով, որոնք նպաստում են աշակերտների ալգորիթմական և լայնածավալ մտածելակերպի զարգացմանը և ծրագրավորման գործընթացի հեշտ յուրացմանը հետագայում։

Երեխաներն ստեղծում են սեփական նախագծերը, կատարում թիմային աշխատանք, կիրառում են հանրահաշվի և երկրաչափության, երկչափ և եռաչափ մոդելավորման գիտելիքները։

Նշենք, որ Ռոբոտիկայի լաբորատորիա բացվեց նաև Դսեղի դպրոցի ստեղծագործարանում։

Ի դեպ, «Արմաթ» կրթական ծրագիրն արժանացել է 2 միջազգային հեղինակավոր մրցանակի: Դրանք են Բրազիլիայում կայացած ՏՏ համաշխարհային համաժողովի WITSA Global Excellence Award մրցանակաբաշխության «Կայուն զարգացման» և Թբիլիսիում կայացած GITI-2016 տարածաշրջանային ՏՏ միջոցառման մրցանակաբաշխության «ՏՏ կրթության լավագույն մատակարարի» տիտղոսները (The best provider of IT education):