Hi Zinvor՝ հայկական 1-ին անվերջ վազող ժանրի խաղ

Hi Zinvor-ը առաջին հայկական անվերջ վազող ժանրի խաղ է: Գլխավոր դերում հայ զինվորն է, որը վազում է և այդ ընթացքում հաղթահարում ճանապարհին հանդիպող խոչընդոտները՝ թռնելու, սահանկման, աջ և ձախ շարժումների միջոցով: Հավաքում աստղերի տեսքով միավորներ, կռվում և կրակում թշնամիներին:

Կան էնեգիայի և առողջության ցուցանիշներ, որոնք խաղի ընթացքում սպառվում են և հավաքած միավորները կարելի է փոխարկել էներգիա տվող ծիրանի և զրահաբաճկոնի հետ:

Խաղի հեղինակը Կարեն Սողոյանն է: Նրա խոսքով՝ խաղի գաղափարն առաջացել է հանկարծակի, քանի որ այս ժանրի խաղերը սիրված են օգտատերերի շրջանում, միտք է ծագել ստեղծել հայկական տարբերակը նույնպես: Հերոսը հենց հայ զինվորն է, որի թևին ամրացված է հայկական դրոշը: Թշնամին վերանում է ոչխարի մկկոցով: Խաղը չի պարունակում արյան և սպանության դաժան տեսարաններ, թույլատրելի է նաև փոքր տարիքի երեխաների համար:

Hi Zinvor-ի iOS տարբերակը անվճար հասանելի է App Store-ում փետրվարի 8-ից և արդեն իսկ ունի մոտ 8000 ներբեռնում: Նախատեսվում է մոտակա շաբաթների ընթացքում այն թողարկել նաև Android օպերացիոն համակարգի համար: Պարբերաբար կատարվում են թարմացումներ և առաջիկայում պլանավորվում է ներդնել նոր ֆունկցիաներ և հնարավորություններ:

 

Նունե Գրիգորյան