Teamable-ը առցանց հարթակ է, որն օգնում է ընկերություններին կարճ ժամանակում գտնել նոր աշխատակիցներ՝ ձևավորելով թիմ արդեն իսկ գործող աշխատակիցների շրջապատից՝ առաջարկների և ուղղորդումների հիման վրա: Այն 2013-ին հիմնել են Վազգեն Հակոբջանյանը, Մերուժան Դանիելյանը, Հովհաննես Նուրիջանյանը և Լաուրա Բիլազարյանը: Teamable-ը համագործակցում է ամերիկյան մի շարք հայտնի ընկերությունների հետ, այդ թվում Uber-ի, Facebook-ի, Լyft-ի, Hipanalitics-ի, Stripe-ի, Oracle-ի, Intuit-ի և այլն:
Թիմեր ձևավորող թիմի հաջողության մասին itTrend-ին պատմել է սթարթափի համահիմնադիր Վազգեն Հակոբջանյանը:
Սիրելի սմարթֆոն` iPhone (iOS օպերացիոն համակարգ)
Հաճախ օգտագործող հավելվածը` Facebook Messenger, Telegram
Սիրելի սոցցանց` չունի
Բջջային խաղը` չի խաղում (երբեմն Koreez Games-ի պատրաստած խաղերը)
Հաջողության բանաձևը` հավատալ այն ամենին, ինչ անում ես և բարի լինել
Մասնագիտական ճաապարհի սկիզբ և գաղափարի առաջացում
Հինգ տարեկանում, երբ առաջին անգամ մորաքույրս ինձ տարավ Մերգելյան ինստիտուտ, ու ես առաջին անգամ տեսա համակարգիչներով լցված մեծ սենյակ, միանգամից հետաքրքրվեցի ու այդ ժամանակ էլ որոշեցի, որ ես պիտի դառնամ ծրագրավորող: Որից հետո համակարգիչները դարձան իմ առօրյան: 10 տարեկանից սկսեցի ծրագրավորել, հետո ընդունվեցի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, 2-րդ կուրսից սկսեցի աշխատել տարբեր նախագծերի վրա: Ինձ չէր բավարարում միայն սովորելը: Ուսանողական տարիներից սկսեցի աշխատել արտասահմանյան ընկերություններում:
Այնուհետև ծանոթացա Ալբերտ Պողոսյանի հետ և աստիճանաբար սկսեցի հասկանալ սթարթափների աշխարհը: Ինձ մոտ մտքեր էին առաջանում, որոնք կարելի էր իրականացնել, տեսնում էի խնդիրը և համակուրսեցի ընկերներիս հետ միասին որոշեցինք զարգացնել Teamable-ի գաղափարը և ստեղծել նման գործիք, քանի որ պակասը զգացվում էր:
Բեկումնային հանդիպում
Բեկումնային եղավ մեր թիմի անդամ Լաուրայի հետ հանդիպումը, երբ Միացյալ Նահանգներից նոր էր վերադարձել: Մեր պատահական հանդիպումը վերածվեց երկար քննարկման, ինքն էլ մեզ միացավ: Ու միանգամից սկսեցինք իրականացնել՝ տնից, գործից հետո, գիշերները, ուրիշ գործերից զատ, առանց նայելու կամ էլ սպասելու ֆինանսավորման, կամ այլ բաների:
Խնդիրը ես էի զգացել, բայց միասին ենք զարգացրել գաղափարը, բոլորս էլ տարբեր մտքեր էինք առաջարկում, իրար ոգևորում էինք, հավատում էինք մեր գործին, հավատում էինք, որ սա մեծ խնդիր է և պետք է լուծել:
Առաջին համագործակցություն և ներդրում
Հայաստանում առաջին համագործակցությունը եղավ SFL ընկերության հետ, առաջին ընկերությունն էր, որը վստահեց մեզ: Հետո արդեն Workfront-ի հետ սկսեցինք համագործակցել և այլ ընկերությունների հետ: Բայց հիմա հայակական շուկայի վրա չենք կենտրոնանում: Ավելի շատ ԱՄՆ-ի վրա ենք կետրոնացած:
Սկզբում STEP «Գաղափարից շուկա» մրցույթում հաղթեցինք, Այնուհետև Լաուրան որոշակի ֆինանսավորում էր ստացել ԱՄՆ-ից: Գնացինք Ամերիկա, մի քանի ներդրումներ էլ այնտեղ ստացանք և շարունակեցինք մեր ճանապարհը Միացյալ Նահանգներում:
Հետազոտեցինք, պարզվեց ամերիկյան ընկերություններում չկան լավ գործիքներ ու լուծումներ: Առաջին խոշոր ընկերությունները ԱՄՆ-ում, որի հետ սկսեցինք համագործակցել Stripe-ն ու Lyft-ն էին, որից հետո ամեն ինչ փոխվեց, ավելի հեշտացավ ու զարգացումն արագ ընթացավ: Այժմ ընդհանուր թվով համագործակցում ենք արդեն 100-ից ավելի ընկերությունների հետ:
Համագործակցության առանձնահատկություններ
Ամեն ընկերություն ունի իր առանձնահատկությունը: Օրինակ կան ընկերություններ, որ օգտվում են Teamable-ի ծառայություններից, բայց իրենց մոտ այն ուղղակի չի աշխատում, որովհետև աշխատակիցները չեն ցանկանում ծանոթների շրջանում, ուրիշներին խորհուրդ տալ, որ աշխատեն տվյալ ընկերությունում ու մենք ոչ մի բան, ըստ էության, չենք կարող անել: Դրա պատճառներից մեկն էլ կարող է լինել ընկերության ներքին վատ միջավայրը:
Իհարկե կան նաև լավ, արագ զարգացող ընկերություններ, որտեղ կարևորում են առաջընթացը, թիմը, թիմի ձևավորումը, ավելացումը: Մեր նպատակն է այնպես անել, որ համագործակցենք արագ ու դինամիկ զարգացող ընկերությունների հետ: Ու ամեն մի ընկերությունում ձևավորենք հենց այդպիսի թիմեր:
Իրարից տարբեր, բայց միասին. Թիմ ձևավորող Teamable-ի թիմը
Ունիկալ ընկերություն ենք, շատ տարբեր մարդիկ են աշխատում մեզ մոտ: Չունենք նույն մտածելակերպը, բայց միասնական ենք: Ամեն մեկն ինդիվիդուալ է ու մեր մոտից այսքան տարվա ընթացքում ոչ ոք չի գնացել, միայն ավելացել ենք, հիմա արդեն 18 հոգի ենք Հայաստանում և 7 հոգի Սան Ֆրանցիսկոյում, արդեն թվով մոտենում ենք 30-ի: Թիմում ունենք սիրիահայեր, ուսանողներ, ի դեպ ծրագրավորողների 50%-ը աղջիկներ են:
Շատ ընկերություններում փորձում են ստիպողաբար team building-ներ անել, իսկ մեզ մոտ դա բնական ձևով է ստացվում: Շատերը զարմանում են` ինպես է մեր թիմը միասնական աշխատում ՝ լինելով այդքան տարբեր:
Նոր գրանսենյակ Նյու Յորքում ու էլի նորություններ
Այս տարի նախատեսում ենք բացել նոր գրասենյակ Նյու Յորքում: Teamable-ը դարձնել ոչ միայն HR մասնագետների համար, նաև վաճառքի մենեջերների գործիք: Ուզում ենք Chrome extension-ը զարգացնենք:
Մինչև տարվա վերջ ուզում ենք B2B-ից բացի B2C մոդելով աշխատենլ՝ ոչ միայն ընկերությունների հետ, այլև անհատների հետ համագործակցենք, բայց փոքր ինչ այլ կերպ, դեռ քննարկվում է այս հարցը: Լավատես ենք հուսով ենք ամեն ինչ կլինի այս տարվա ընթացքում:
Առաջնայինը սկսնակների համար
Սկսնակների մոտ ամենամեծ խնդիրն այն է, որ ամենակարևորը համարում են ֆինանսվորումը: Բայց սկզբում կարևորը գործը լավ անելն է, մնացածն էլ կլինի: Եթե կարողացան գորշ մասայից փայլել, տարբերվել, ոչնչից նոր բան սարքել, ապա հաստատ կհայտնվեն ներդրողներ էլ, ֆինանսավորողներ էլ:
Ամենակարևորը հավատալ նրան, ինչ անում ես: Չանել մի բան միայն փող աշխատելու նպատակով, այլ նպատակը աշխարհը փոխելը ու խնդիրներ լուծելը լինի:
Կուզեմ Հայաստանում ընկերություն ստեղծելու, կայացնելու ավանդույթները մտնեն համալսարաններ, ձեռներեցությունը զարգանա համալսարանից սկսած ու համալսարանի միջավայրում, քանի որ հիմնական լավ մտքերը այդ միջավայրում են զարգանում: Օրինակ ինձ մոտ սթարթափ ստեղծեու գիտակցությունը և վստահությունը ավելի ուշ է հասունացել, ես կուզենայի սկսել 22 տարեկանում, ոչ թե՝ 26-ում:
Teamable-ի հաջողության բանաձևը
Միմյանց վստահելը, միմյանց հաջողությամբ ուրախանալը, հավատալը, աճող ու լավ միջավայրում աշխատելը:
Նունե Գրիգորյան