Հայաստանի ՏՏ ոլորտի ամենաազդեցիկ դեմքերը

Նրանք նախաձեռնել, իրագործել ու հասել են հաջողության: Նրանց մասին խոսում ու գրում են, հետևում, ոգեշնչվում ու սովորում են: Աշխարհը փոխելու նորարական գաղափարներով սթարթափների հիմնադիրներից մինչև խոշոր ընկերությունների ղեկավարներ, միջազգային գործունեությամբ զբաղվող ձեռնարկատերեր ու ճանաչում վայելող անձինք: itTrend-ը մեկտեղել և ներկայացնում է Հայաստանի ՏՀՏ ոլորտի ամենաազդեցիկ անհատներին:

Ալբերտ Պողոսյան

Ալբերտ Պողոսյանն ավարտել է Սալֆորդի համալսարանի Համակարգչային գիտությունների բաժինը։ 2012-ին հիմնված 360Stories հավելվածի համահիմնադիրն ու գլխավոր տեխնոլոգն է: Հավելվածը սկզբնական շրջանում թույլ էր տալիս 360 աստիճան տեսանկյունով դիտել միայն Երևանի փոքր կենտրոնը, սակայն հետագայում այն կրեց մեծ փոփոխություններ և օգտատերերը այժմ հնարավորություն ունեն դիտել Ռիո դե Ժանեյրոն, Ամստերդամը, Բարսելոնան և Պրահան։

Ալբերտ Պողոսյանը հանդիսանում է նաև Rodin ընկերության գործադիր տնօրենն ու Knoxlabs-ի գլխավոր տեխնոլոգը։

 

 

Ալեքսանդր Ադամյան

Ալեքսանդր Ադամյանը հայտնի Truthly.me «գաղտնի» սոցցանցի համահիմնադիրն է։

Truthly.me-ն ստեղծվել է հայ նախագծողներ Հրաչյա Մանուկյանի և Ալեքսանդր Ադամյանի կողմից: Այն սոցցանց է, որը հնարավորություն է տալիս անանուն հայտնել կարծիքներ՝ ուղղված ծանոթներին կամ ընկերներին: Այլ կերպ ասած՝ գրել և ասել այն, ինչը չեք կարողանում ասել ուղիղ՝ սիրո խոստովանություններից մինչև բացասական կարծիքներ:

Truthly-ի շրջանակներում է ստեղծվել առաջին հայկական չաթ-բոթը։

Ալեքսանդրը նաև Simply Technologies ընկերության համահիմնադիրն է։

 

Արա Աղամյան

Արա Աղամյանը Triada Studio-ի համահիմնադիրն է, ավարտել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի Դիզայնի բաժինը։ 1993 թվականին Արան ընկերների հետ որոշում է զբաղվել 3D գրաֆիկայով։ Triada Studio-ի պատմության սկիզբը կարելի է համարել հենց այդ որոշումը։ Հետագայում ընկերությունը թողարկում է Shadowmatic խաղը, որը շատ կարճ ժամանակում մեծ հաջողությունների է հասնում ամբողջ աշխարհում։


Արամ Մխիթարյան

Արամ Մխիթարյանը Helix Consultings ընկերության հիմնադիր տնօրենն է։ Helix հայաստանյան ընկերությունը շուրջ 12 տարի զբաղվում է վեբ–կայքերի, վեբ–համակարգերի ու բջջային հավելվածների մշակմամբ, դիզայնով և սպասարկմամբ:

Նա աշխատել է տեղական ու արտասահմանյան մի շարք հետաքրքիր նախագծերի վրա, ինչպիսիք էն justbefit-ը, Delivery Club-ը, Купи по фото-ն, e-gov.am-ը և այլն։

 

Արման Աթոյան

Արման Աթոյանը հանդիսանում է X-TECH Creative Studio, X-TECH Games և ARLOOPA ստարտափների հիմնադիրն ու տնօրենը։

X-TECH ընկերությունը հանդիսանում է վեբ կայքեր, խաղեր և բջջային հավելվածներ մշակող ընկերություն, որն արդեն ստեղծել է ավելի քան 200 կայք, 16 խաղ և 24 հավելված։

ARLOOPA-ն հայկական AR և VR տիրույթի առաջատար ընկերություն է, որը զբաղվում է խաղերի և տեսահոլովակների ստեղծմամբ։ Վերջերս այն վաճառքի հանեց առաջին հայկական VR ակնոցները։ Արմանը նաև CityBugs հարթակի համահիմնադիրն է։

 


Արմեն Շահնազարյան

Արմեն Շահնազարյանը համաշխարհային ճանաչում ունեցող թայվանական «Դ-Լինկ Ինտերնեշնլ ՊՏԵ ԼՏԴ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրենն է։

1982-1989 թթ.-ին ավարտել է Երևանի Պետական Համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:

1988-1989 թթ-ին ընկերների հետ հիմնել է «Ռիթմ» կոոպերատիվը, հետո աշխատել է Ռիգայում՝ «Լայքս» ընկերությունում, ապա Մոսկվայում՝ «Կորպորացիա նոր տեխնոլոգիաներ» ընկերությունում:

Այնուհետև վերադարձել է Հայաստան, 1.5 տարի աշխատել է «Կանազ» գործարանում, ապա կրկին վերադարձել է ՏՀՏ ոլորտ՝ աշխատել «ԱրմենՏել», «Օնլայն+» ընկերություններում, իսկ 2007թ. Հուլիսից, երբ ՀՀ-ում բացվեց «Դ-Լինկ Ինտերնեշնլ ՊՏԵ ԼՏԴ» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը, ստանձնեց ղեկավարի պաշտոնը:

 

Արմեն Քոչարյան

Արմեն Քոչարյանը «ՎՕԼՕ» ընկերության հիմնադիր-նախագահն է։

Ընկերությունը գործունեություն է ծավալում 2006 թվականից։ «ՎՕԼՕ»-ն աշխատում է առևտրային ընկերությունների, ֆինանսական հաստատությունների, Հայաստանի ամենախոշոր հեռահաղորդակցության օպերատորի, տեղական կառավարման մարմինների, արտասահմանյան տարբեր ընկերությունների, միջազգային կառույցների հետ: «ՎՕԼՕ»-ն հաջողությամբ հաղթահարում է ոլորտի ամենաբարդ մարտահրավերները։

Արմենը տեխնոլոգիական կրթություն ունի. ավարտել է Երևանի պետական համալսարանի Կիրառական Մաթեմատիկայի ֆակուլտետը։

 

Արսեն Գևորգյան

Ծրագրային ապահովմամբ զբաղվող SFL ընկերության համահիմնադիր և տնօրեն Արսեն Գևորգյանը, ով ծնունդով քաջարանցի է, Երևանի Պետական Համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետն ավարտելուց և բանակում ծառայելուց հետո աշխատել է «Եվրոթերմ», «ՍիստրոՏեխ», «Սիներջի ինթերնեյշնլ սիսթեմզ» ընկերություններում որպես ծրագրավորող, թիմի ղեկավար, նախագծի մենեջեր։

 

Արսեն Սուլթանյան

Արսեն Սուլթնյանը IP Marketing և DigiSales ընկերությունների համահիմնադիրն ու գլխավոր գործադիր տնօրենն է, ինչպես նաև առաջին հայկական եռաչափ համակարգչային խաղի՝ «Yerevan Drive»-ի, համահիմնադիրն է։ IP Marketing-ը միջազգային մարքեթինգային կազմակերպություն է, որը մասնագիտանում է թվային գովազդի, սոցիալական ցանցերում  և online տիրույթում բրենդների առաջխաղացման գործում։

Արսենը նաև Smartology Digital Marketing Academy-ի համահիմնադիրն է, ինչպես նաև ittrend.am առցանց ամսագրի համահիմնադիրը։

 

 

Արտակ Հարությունյան

Արտակ Հարությունյանը ավելի քան 13 տարի աշխատում է գովազդի և digital մարքեթինգի ոլորտներում։ Արտակը ADindex.am կայքի և AMCG սթարթափի հիմնադիրն է, iRest.am ռեստորանային պորտալի համահիմնադիրը և տնօրենը, նաև SMARTOLOGY Digital Marketing Academy-ի համահիմնադիրն ու տնօրենը։

Smartology-ն սերտիֆիկացված թվային մարքեթինգի դասընթացներ կազմակերպող ընկերություն է, որը հիմնվել է 2016-ին։ Smartology-ն իրականացնում է նաև mail.ru ընկերության ուսումնական նախագծերի կազմակերպիչը ՀՀ-ում

 

 

Արտաշես Վարդանյան

2014-ից հանդիսանում է MIC Armenia-ի տնօրենը, որն օգնում է տեղական ՏՏ համայնքին ընդլայնել և ստեղծարարությամբ մրցունակ լինել աշխարհում։ MIC-ի շնորհիվ ավելի քան 35 սթարթափ արդեն ստացել է 2 մլն․ ԱՄՆ դոլարի ներդրում։

Արտաշեսը ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և ունի մագիստրոսի գիտական աստիճան։ Աշխատել է Ucom և Orange Armenia ընկերություններում։

 

Արտավազդ Մեհրաբյան

Արտավազդ Մեհրաբյանը համաշխարհային ճանաչում ձեռք բերած PicsArt ընկերության համահիմնադիրն է։ PicsArt-ը բազմիցս ստացել է միլիոնավոր դոլարների ներդրումներ, ինչպես նաև ճանաչվել է տարվա լավագույն բջջային հավելվածներից։

Այն օգտատերերին հնարավորություն է տալիս խմբագրել լուսանկարներ և տեսահոլովակներ և հանդիսանում է առաջին photo editor հավելվածը, որը թույլ է տալիս կիսվել սեփական ստեղծագործություններով և շփվել հավելվածի այլ օգտատերերի հետ։Հավելվածն այժմ ունի ամսական ավելի քան 90 մլն ակտիվ օգտատեր։

 

Արտավազդ Սոխիկյան

Արտավազդ Սոխիկյանը Seven Smarts և Localz ընկերությունների տնօրենն է։  Seven Smarts ընկերությունը ստեղծվել է 2009 թվականին։ Հիմնականում զաբաղվում է բիզնես պրոցեսներ ավտոմատացնող ծրագրերի մշակմամբ։

Localz-ը հիմնադրվել է 2015-ին և հաղթել է բազմաթիվ միջազգային մրցույթներում։ Հավելվածը օգնում է զբոսաշրջիկներին ընտրել նախապես կազմված տուրերից որևէ մեկը, ցանկության դեպքում փոփոխել այն, նշել օրը և ժամը, զբոսաշրջիկների քանակը, տուրի ցանկալի լեզուն և ստանալ գնային առաջարկ անհատ զբոսավարների կողմից:

 

Բագրատ Դաբաղյան

Բագրատը Triada Studio-ի տեխնիկական տնօրենն է, որը հայտնի է Shadowmatic խաղով։ Խաղը շատ կարճ ժամանակում մեծ հաջողության հասավ, իսկ 2016-ի մարտին այն International Mobile Gaming Awards (IMGA) միջազգային մրցանակաբաշխությանը ճանաչվեց հաղթող երկու անվանակարգերում, 2015թ. հունիսին արժանացավ Apple Design Award (ADA) մրցանակի:

 

 

Բագրատ Ենգիբարյան

Բագրատ Ենգիբարյանը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրենն է, հանդիսանում է մաթեմատիկական գիտությունների թեկնածու։ Արդեն ավելի քան 14 տարի լինելով ՏՏ-ում պարոն Ենգիբարյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանում ոլորտի զարգացման հարցում։

Նշենք, որ Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից մեկն է, որը գործում է Երևանում: ՁԻՀ-ը մեծ դեր ունի Գյումրիի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների ստեղծման հարցում։


Գոռ Վարդանյան

«Ֆայմտեք» ընկերության հիմնադիր և գլխավոր ինժեներ։ «Ֆայմտեք»-ը ՏՀՏ ոլորտի ընկերություն է, որը հիմնականում մասնագիտացված է մեքենայական ուսուցման, պատկերների ճանաչման, կոմպիլյատորների և այլ ծրագրային ապահովման խնդիրներով։ Գոռը մասնագիտությամբ ծրագրավորող է, 2005թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, և ներկայումս դասավանդում է մեքենայական ուսուցում (machine learning) Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում։

 

 

Գևորգ Սաֆարյան

LimeTech ընկերության և Earlyone ստարտափի հիմնադիր։

«LimeTech» ընկերությունը հիմնադրվել է 2008 թվականին։ Այն մասնագիտացած է սպասարկման որակը բարելավող լուծումներ ստեղծելով։ «Լայմտեխի»` հայաստանյան շուկայում տարածում ստացած հիմնական լուծումը հերթերի կառավարման համակարգերն են։

«Earlyone» բջջային հավելվածը նպատակ ունի վերացնել հերթերում սպասելու անհրաժեշտությունը: Այս անվճար հավելվածը ցանկացած վայրում՝ բանկում, բջջային օպերատորների և այլ սպասարկման կենտրոններում, թույլ է տալիս հերթագրվել նախապես և սպասարկվել առանց հերթում սպասելու: Այն հասանելի է Android և iOS համակարգերի համար:

 

լուսանկարը crunchbase.com կայքիցԴավիթ Ասլանյան

Joomag-ի համահիմնադիր և հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավարն է։ Ընկերությունը հիմնվել է 2009-ին ԱՄՆ-ում Ռուբեն Վարդանյանի հետ համատեղ։ Այն միջազգային հարթակում ինտերակտիվ թվային հրատարակչության առաջատարներից է:

Դավիթն ավարտել է ԵՊՀ-ի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի բաժինը, ունի մագիստրոսի գիտական աստիճան։

 

Դավիթ Հարությունյան

Դավիթ Հարությունյանը 2013-ին Հայաստան է վերադարձել ԱՄՆ-ից։ Կարճ ժամանակ անց հիմնել է Globbing ընկերությունը: Այն իրենից ներկայացնում է առցանց առևտրի հարթակ, որի միջոցով հնարավոր է ապրանքներ պատվիրել ԱՄՆ-ից և Եվրոպայից։ Ընկերությունը մտադրություն ունի ընդլայնել իր գործունեության աշխարհագրությունը դեպի ՌԴ, Բելառուս, Ղազախստան և մի շարք այլ ԱՊՀ երկրներ։

 

Եվա Հյուսյան

Եվա Հյուսյանը Sololearn-ի համահիմնադիր-տնօրեն է, միաժամանակ Հայաստանում Microsoft ինովացիոն կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ:

SoloLearn-ը ծրագրավորման ուսուցման  աշխարհի ամենամեծ անվճար հարթակներից մեկն է թե սկսնակների և թե արդեն իսկ մասնագետների համար:

Այն ունի աշխարհի ամենատարբեր ծայրերից ավելի քան 10 մլն օգտատեր: 2015 թ.  դեկտեմբերին  Sololearn-ը ճանաչվել է Սիլիկոնային հովտի մինչև 10 մլն դոլարի ներդրումով ամենաարագ զարգացող 10 ընկերություններից մեկը:

 


Էդգար Մարուքյան

Peyotto Technologies ընկերության հիմնադիր և RenderForest ընկերության ծրագրային ապահովման թիմի ղեկավար։

Էդգարը ծրագրավորմամբ սկսել է զբաղվել դեռ դպրոցական տարիներին։ Ավարտել է Վանաձորի Պետական Մանկավարժական համալսարանը։

Peyotto Technologies-ը զբաղվում է առաջատար լրատվական կայքերի պատրաստմամբ և սպասարկմամբ։ Ընկերության պատրաստած կայքերից են 1in.am-ը, aravot.am-ը, iravaban.net-ը, 168.am-ը և այլն։

Render Forest-ը պրոֆեսիոնալ տեսահոլովակների պատրաստման համար նախատեսված հարթակ է, որը լայն տարածում է գտել բազմաթիվ երկրներում։

 


Լիանա
Կորկոտյան

Լիանա Կորկոտյանը աշխատել է որպես լեզվաբան-թարգմանիչ, ՓՄՁ մասնագետ և մոտ 6 տարի Համաշխարհային Բանկում, սակայն 2016-ից ստանձնել է Մայքրոսոֆթ Հայաստանի ղեկավարի պաշտոնը։

Մայքրոսոֆթ Հայաստանը մեծ դեր ունի Հայաստանում ՏՏ ենթակառուցվածքի զարգացման հարցում, ինչպես նաև մասնագետների վերապատրաստման և սերտիֆիկացման գործում։

 

Խաչատուր Գրիգորյան

Խաչատուրը ggTaxi ընկերության համահիմնադիրն է։ ggTaxi-ն առաջինն էր Հայաստանում, որ առաջարկեց ավտոմեքենա պատվիրել բջջային հավելվածի միջոցով։ Այն հասանելու է Android և iOS ՕՀ-ի համար։

ggTaxi-ն գործում է նաև ՀՀ սահմաններից դուրս, մասնավորապես Վրաստանում։ 2016-ին Խաչատուր Գրիգորյանի խոսքերով ggTaxi-ն գնահատվել է ավելի քան 4 մլն․ ԱՄՆ դոլար, սակայն ընկերությունը չի վաճառվել, այլ շարունակում է զարգանալ և ընդլայնվել՝ հետևելով իր կողմից որդեգրված գաղափարախոսությանը։

 

Կարեն Վարդանյան

Ունենալով ավելի քան 20 տարվա մասնագիտական փորձ բիզնեսի զարգացման ու կառավարման ոլորտում` Կ.Վարդանյանը 2005 թվականից ի վեր հանդիսանում է Հայաստանի ՏՏ ոլորտում մեծ դեր կատարող կառույցի` ԻՏՁՄ-ի գործադիր տնօրենը: Մինչ այդ` 2002-2005թթ. նա աշխատել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում` որպես փոխտնօրեն, Առևտրի ու արդյունաբերության նախարարությունում` որպես ՏՏ զարգացման վարչության պետ:

Կարեն Վարդանյանն 1986թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտը` որպես հիդրոինժեներ, իսկ 2009թ. դասընթաց անցել ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանում` Քենեդու կառավարման դպրոցում:

Նշենք, որ Կարեն Վարդանյանը 7 արտոնագրված գյուտերի հեղինակ է:

 

Հայկ Չոբանյան

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը երկար տարիներ ղեկավարել է «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնում, այնուհետև եղել է «ԱՐՓԻ արևային համակարգեր» ընկերության փոխտնօրենը։

«Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը ղեկավարելու տարիներին մեծ աշխատանք է կատարել հանրապետությունում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման ուղղությամբ։ Մեծ է նաև նրա դերը Հայաստանում արևային տեխնոլոգիաների զարգացման հարցում։

 

Հովիկ Մուսայելյան

«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը ավարտել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի Ճարտարապետաշինարարական ֆակուլտետը։

1993թ-ից կառավարության աշխատակազմում տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել՝ սկզբից որպես փոխվարչապետի օգնական, ապա արտաքին հարաբերությունների գլխավոր մասնագետ:

1997-ին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ հիմնել է LEDA Systems ընկերությունը։ LEDA Systems-ը նպաստեց «Սինոփսիս» ընկերության Հայաստան մուտք գործելուն։ 2003թ-ից հանդիսանում է ՀՀ Վարչապետին կից ՏՏ-ի զարգացման աջակցման խորհրդի անդամ:

 

Հովհաննես Աղաջանյան

Հովհաննես Աղաջանյանն ունի մագիստրոսի աստիճան ՏՏ Կառավարում մասնագիտությամբ։ Հանդիսանում է 360Impact և CityBugs ստարտափների համահիմնադիրը։

CityBugs -ը հարթակ է, որտեղ քաղաքացին կարող է բարձրաձայնել կոմունալ և այլ խնդիրների մասին, առաջարկություններ անել քաղաքի բարեկարգման համար, ներդնել լուման քաղաքի բարեկարգման հարցում, հետևել և մասնակցել քաղաքի խնդիրների լուծմանը:

Ներկայումս Հովհաննեսը «ArmenTel» ՓԲԸ-ի թվային ծրագրերի և ֆինանսական բջջային ծառայությունների բաժնի ղեկավարն է (Head of Digital Projects and Mobile Financial Services)։

 

Հովհաննես Ավոյան

Հովհաննես Ավոյանը ավարտել է Պոլիտեխնիկ ինստիտուտի Համակարգչային տեխնիկայի ֆակուլտետը, եղել է ԻՏՁՄ նախագահ։ 2005-ին հիմնադրված «Սորսիո» ՓԲԸ-ի և 2011-ին հիմնված PicsArt ստարտափի համահիմնադիրն և գործադիր տնօրենն է։ Իր առաջին ընկերությունը՝ «Սեդիտը», ստեղծել է 1996 թ-ին, որն 2000 թ-ին դարձավ ամերիկյան «Բրիենս» ընկերության մի մասը:

 

 

Հրանտ Խաչատրյան

Հրանտը «ԵրևանԷն» (YerevaNN) շահույթ չհետապնդող հետազոտական լաբորատորիայի հիմնադիրն է, որտեղ մասնագետները զբաղվում են մեքենայական ուսուցման (machine learning) խնդիրներով: Ավարտել է ԵՊՀ-ի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։

Ներկայումս YerevaNN-ը աշխատում է երեք ուղղություններով՝ պատկերների գեներացում նեյրոնային ցանցերի միջոցով, բժշկական տվյալների բազաների մշակում՝ մեքենայական ուսուցման մեթոդներով և հայերենի համար բնական լեզվի մշակման (natural language processing) գործիքների ստեղծում։

Հրանտը ժամանակին ստեղծել է նաև unicodenow.com հարթակը, որ օգնում է հայերենով գրված ANSI տեքստերը փոխակերպել Unicode-ի և հակառակը։

 

Մանուկ Հերգնյան

Մանուկ Հերգնյանը 2013-ին հիմնված «Գրանատուս Վենչուրս» առաջին հայկական վենչուրային ընկերության համահիմնադիրն և կառավարող գործընկերն է։

Հիմնադրամը կատարում է ներդրումներ այն նորաստեղծ ընկերություններում, որոնք իրենց հիմնական գործունեությունն իրականացնում են Հայաստանում:

«Գրանատուս Վենչուրս»-ը սերտորեն համագործակցում է «Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամ»-ի, «Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոն»-ի, «UNIDO Cleantech Աքսելերատոր»-ի, HIVE «Հովնանյան հիմնադրամ»-ի հետ և աջակցում է հայաստանյան ստարտափ էկոհամակարգի զարգացմանը։

 

Մարի Լու Փափազյան

Մարի Լուն ծնվել է Եգիպտոսում, մեծացել է Բեյրութում, հետագայում տեղափոխվել է ԱՄՆ՝ Լոս Անջելես։ 2005-ին տեղափոխվել է Հայաստան, իսկ 2011-ից մինչև այսօր նա ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրենն է։

Բացումից ի վեր, Թումոն 12-18 տարեկան հազարավոր պատանիների տրամադրում է արտադպրոցական ուսուցում թվային մեդիաների ոլորտում։ Թումոյի չորս հիմնական ոլորտներն են անիմացիան, խաղերի ստեղծումը, կայքերի մշակումն ու ֆիլմերի ստեղծումը։

 

Մարինա Մխիթարյան

Կոլբա նորարական լաբորատորիայի ղեկավար Մարինա Մխիթարյանն ավարտել է Թաֆթսի համալսարանը։ Մինչ Kolba Lab-ը աշխատել է ԵՊՀ-ում, եղել է «Mardamej Social Innovation»-ի տարածաշրջանային համակարգող։

Kolba Lab-ը ստարտափ ինկուբատոր է, որը օգնում է նորարար գաղափարներ ունեցող թիմերին իրականացնել իրենց պրոյեկտները։

 

Ռուբեն Վարդանյան

Ռուբեն Վարդանյանը Joomag թվային հարթակի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրենն է։ Ընկերությունը բացվել է ԱՄՆ-ում 2009 թվականին և կարճ ժամանակում հասել մեծ հաջողության:

Այն թույլ է տալիս ստեղծել, տարածել, վաճառել ցանկացած թվային ինտերակտիվ կոնտենտ՝ ամսագրեր, բրոշյուրներ ու կատալոգներ՝ հարստացնելով այն տեսահոլովակներով, ձայնային էֆեկտներով, երաժշտությամբ, անիմացիաներով ու հղումներով, իր գործունեության ընթացքում արդեն թողարկել է 13 միլիոն ամսագիր և ունի ավելի քան 500․000 հրատարակիչ։

Սամվել Մարտիրոսյան

Սամվել Մարտիրոսյանը մեդիա փորձագետ է, լրագրող, դասավանդում է Երևանի Վ․ Բրյուսովի անվան հալասարանում, հանդիսանում է iDitord.am հարթակի հիմնադիրն ու տնօրենը, վարում է banman.am բլոգը։ 2017-ին հրատարակվեց նրա գիրքը՝ «Անձնական կիբեռանվտանգության հիմունքներ» վերնագրով, որտեղ պարզ և մատչելի ձևով շարադրված են առցանց տիրույթի վտնագներն և դրանցից պաշտպանվելու մեխանիզմները։ Սամվելը նաև Barcamp Yerevan-ի կազմակերպիչներից մեկն է։

 

Սարգիս Հարությունյան

Սարգիս Հարությունյանը Softline Armenia-ի տնօրենն է։ Softline ընկերությունը արդեն 20 տարուց ավել է` հայկական շուկայում մասնագիտացած է լիցենզիոն ծրագրային ապահովման մատակարարման ոլորտում։ Ընկերությունը հանդիսանում է Softline Group-ի մասնաճյուղերից մեկը, որն կենտրոններ ունի ավելի քան 26 երկրներում։

 

 

Սերգեյ Առաքելյան

Սերգեյ Առաքելյանը հայկական առցանց վճարային համակարգի տնօրենն է։

2015թ. փետրվար-մարտ ամիսներին Սերգեյ Առաքելյանն աշխատել է «iDram» ընկերությունում՝ որպես գործառնական տնօրեն, իսկ ապրիլի 1-ից՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: 2010- 2014 թթ. զբաղեցրել է «Ղ-Տելեկոմ» ընկերության Վաճառքի եւ բաժանորդների սպասարկման վարչության պետի տեղակալի պաշտոնը:

 

Սուրեն Ալոյան

Սուրեն Ալոյանը 2009-ին ստեղծված  «Dasaran.am» կրթական հարթակի հիմնադիրն և գործադիր տնօրենն է։ Dasaran.am-ում այժմ գրանցված են 1480 դպրոց և այն ունի ավելի քան 840․000 օգտատեր։ Հարթակը հնարավորություն է տալիս ծնողներին ծանոթանալ իրենց երեխայի առաջադիմությանը դպրոցում, անհրաժեշտության դեպքում կապ հաստատել դասատուների հետ։ Գործում է նաև հոգեբանի առցանց ծառայություն։

Սուրեն Ալոյանը 2004-2014 թթ․ աշխատել է ՀՀ ՊՆ-ուն, որպես գլխավոր փորձագետ։

 

Վազգեն Հակոբջանյան

Վազգեն Հակոբջանյանը Teamable Software ընկերության համահիմնադիրն ու փոխնախագահն է:  Այն ծրագրային ծառայություն է, որ թույլ է տալիս գտնել աշխատակիցներ ավելի արագ ու խելամիտ կերպով՝ շնորհիվ հատուկ ծառայողական հարթակի՝ օգտագործելով մեքենայական ուսուցում և կանխատեսման վերլուծություն: Վազգենն ունի ավելի քան 12 տարվա փորձ համակարգչային գիտությունների ոլորտում:

 

Վահագն Պողոսյան

Վահագն Պողոսյանը «Ինսթիգեյթ» և «Leviathan CJSC»  ընկերության համահիմնադիրն է։ «Ինսթիգեյթ» ընկերությունը զբաղվում է ծրագրային և սարքերի նախագծման ինժեներական լուծումներով և ժամանակակից բազմաֆունկցիոնալ պտուտակավոր անօդաչուների արտադրությամբ։ «Ինսթիգեյթ»-ի արտադրած դրոնները վաճառվում են նաև ՀՀ սահմաններից դուրս, մասնավորապես Սինգապուրում։

 

 

Վահան Շաքարյան

Վահան Շաքարյանը «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության տնօրենն է։

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ը («Թի-Էս-Դի») հետազոտություններով ու մշակումներով զբաղվող կորպորացիա է, որը գործում է Սանտա Բարբարայում (ԱՄՆ) և Երևանում (Հայաստան)՝ գործակցելով հետազոտությունների և մշակումների գծով միջազգային ավելի քան 15 կենտրոնների հետ:

Ընկերության հայաստանյան գրասենյակը հիմնադրվել է 2013 թ.-ին ազատ տնտեսական գոտում: Այն հայտնի է հայկական արտադրության առաջին սմարթֆոնների, պլանշետների, համակարգիչների, խելացի ժամացույցի թողարկմամբ։

 

Վահան Քերոբյան

Վահանը վերջին տարիներին Վրաստանում և Բելառուսում ընդարձակվող «Menu Group» ընկերության հիմնադիրը և տնօրենն է։ Ընկերությունը իր գործունեությունը սկսել է Հայաստանում Menu.am կայքի մեկնարկով, հետագայում հասանելի դարձան նաև հարթակի բջջային հավելվածները։

Menu․am-ի միջոցով հնարավոր է պատվիրել սնունդ Երևանի, Գյումրիի և Ծաղկաձորի ավելի քան 500 ռեստորաններից և մասնագիտացված խանութներից։


Վահրամ Մարտիրոսյան

Վահրամ Մարտիրոսյանը Zangi հավելվածի հիմնադիրն է։ Zangi-ին առաջին հայկական մեսենջերն է, որը լայն տարածում գտավ շատ երկրներում։ Հավելվածի առավելությունն այն է, որ նույն ինտերնետ կապի պայմաններում այն ապահովում է մինչև 20%-ով ավել ծավալով տվյալների փոխանցոըմ: Ներկայումս հավելվածի բեռնումների թիվը հասել է 1 միլիոնի:

 

Վարուժան Մասարաջյան

Վարուժան Մասարաջյան-ը «Վիասֆեր տեխնոպարկ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենն է, ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում, այնտեղ ստացել է բժիշկ-անեսթեզիոլոգի մասնագիտություն և 15 տարի ղեկավարել Հալեպի Գյուլբենկյան հիվանդանոցը:

«Վիասֆերը» հիմնվել է 2001 թ-ին` որպես ՀՀ առաջին պաշտոնական տեխնոպարկ: Տեխնոպարկում միջազգային մեծ ընկերությունների բազմաթիվ մասնաճյուղեր կան` «Քյուբիք», որ աշխատում է ԱՄՆ ՊՆ հետ, ֆրանսիական, գերմանական, ավստրիական և ամերիկյան ընկերություններ: