Վաղը կանցկացվի Color Pop առաջնություն՝ մոբայլ խաղերի սիրահարների համար

Հունիսի 28-ին  «Ամի» ակումբում կկայանա Color Pop խաղային առաջնության բացումը: Մոբայլ խաղերի սիրահարները իրենց մտքի ճկունությամբ և արագ կողմնորոշվելու ունակությամբ կմրցեն եզրափակիչ անցնելու համար։

Առաջնությանը կարելի է միանալ նաև օնլայն՝ Facebook սոցիալական ցանցի միջոցով։ Խաղի կանոնները պարզ են. հաղթում է առավելագույն միավոր հավաքած մասնակիցը։

«Ամի ակումբում» մրցող մոտ 100 մասնակիցներից Color Pop խաղի լավագույն արդյունքներ գրանցած 10-ը կանցնեն եզրափակիչ, որը տեղի կունենա օգոստոսին: Այնտեղ նրանց կմիանան նաև օնլայն հարթակում լավագույն արդյունքներ գրանցած մասնակիցները: Հաղթողը կշահի ArmPhone հեռախոս:

Խաղի իմաստն է՝ հավաքել բոլոր օղակները որոնք համապատասխանում են ներքևի գծանշման գույնին և պայթեցնել մնացած բոլորը՝ թեթևակի հպելով էկրանին: Պետք է ուշադիր լինել, քանի որ գծանշման գույնը պարբերաբար փոխվում է, զուգահեռ մեծանում է խաղի արագությունը և արագ կողմնորոշվելն ավելի է բարդանում:

«Color Pop» առաջնությունը անցկացվում է «Էն-Թի-Ի-Էֆ» հիմանդրամի կրթական ծրագրերի շրջանակներում: Միջոցառմանը կարող են մասնակցել 8-16 տարեկան այն երեխաները, ովքեր հետաքրքրվում են ծրագրավորմամբ և նորարություններով, իսկ առաջնությունն, առհասարակ, բաց է բոլոր խաղասերների համար: Միջոցառման ընթացքում հիմնադրամը կներկայացնի նաև «Թի-Էս-Դի» ընկերության կողմից մշակված այլ հավելվածներ և կրթական լուծումներ։

Color Pop խաղը դուր կգա բոլոր նրանց, ովքեր սիրում են կենտրոնացվածություն և մտքի ճկունություն պահանջող խաղեր, սիրում են մարզել միտքը, զարգացնել արագ կողմնորոշվելու ունակությունը և միաժամանակ հաճելի ժամանակ անցկացնել:

Խաղը հասանելի է Google Play և iTunes հարթակներում: