Viking sail և Carrot Thief. Նոր խաղեր TSD ընկերությունից

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (TSD) ընկերությունը թողարկել է միանգամից երկու խաղ՝ «Viking sail» և «Carrot Thief»:  Գազարներ գողացող ճագար և նավ, որի ընթացքը կախված է ձեր փչելուց: Նոր խաղերը նախատեսված են տարբեր նախասիրություններ ունեցող մարդկանց համար: Դրանք անվճար հասանելի են iOS և Android համակարգերի համար:

Viking sail (Android, iOS)

Շոգ ամառ, սակայն ոչ վիկինգների համար։ Առջևում կարևոր առաքելություն է, որի ճանապարհին նրանց սպասվում են բազմաթիվ խոչընդոտներ։ Խաղալու համար անհրաժեշտ է հավաքել բոլոր ուժերը և փչել նավակի վրա, ինչի շնորհիվ նավը կսկսի ավելի արագ ընթանալ, իսկ նավարկելուն զուգահեռ խաղացողը հնարավորություն կունենա վայելելու Վիկինգների պատմական վայրերը:

Վիկինգների նավին հետապնդում է ամենամեծ վտանգը՝ հսկա ու զարհուրելի հրեշը: Հարկավոր է խույս տալ նրանից և առաջ շարժվել՝ հավաքելով ավելի մեծ արագություն: Որքան առաջ գնաս, այդքան նավարկության համար ավելի մեծ հնարավորություններ կբացվեն քո առջև: Փչելուց հոգնելու դեպքում հնարավոր է անցնել ավտոմատ ռեժիմի և վարել հեռախոսի սենսորներով:

Carrot Thief (Android, iOS)

Այս խաղի գլխավոր հերոսը ճագարն է, որին պետք է օգնել գազարներ հավաքել, վաստակել միավորներ և հաղթահարել խոչընդոտները՝ հաջորդ փուլ անցնելու համար:  Այն ունի հանելուկային տարրեր, որոնք փոխում են խաղի ընթացքը՝ ստեղծելով նոր իրականություն:

Խաղը բաղկացած է աստիճանաբար բարդացող 30 աշխարհներից։ Եթե հաջողությամբ ավարտում եք Carrot Thief-ի բոլոր աշխարհները, ապա հնարավորություն եք ստանում ստեղծել սեփական աշխարհները՝ գործի դնելով երևակայությունն ու տրամաբանությունը: Նոր աշխարհներով կարելի է կիսվել ընկերների հետ։

 

Նունե Գրիգորյան