Seedstars մրցույթին դիմում-հայտ է ներկայացրել ավելի քան 50 սթարթափ

«Seedstars» միջազգային մրցույթի տեղական փուլի արդեն դիմում-հայտ է ներկայացրել տարբեր ոլորտներում նորարարական լուծում ներկայացնող 50-ից ավել թիմ։ Մրցույթը Հայաստանում կազմակերպվում է արդեն 4-րդ անգամ, սակայն այս տարի դիմում-հայտ ներկայացրած սթարթափների վերլուծությունն ակնհայտ է դարձնում, որ Հայաստանում ՏՏ ոլորտը զարգանում է միջազգային միտումներին համահունչ։

Մրցույթը հետաքրքիր է ինչպես զարգացման վաղ շրջանի թիմերի, այնպես էլ արդեն որոշակի ներդրումներ ներգրավված սթարթափների համար։ Սթարթափներից շատերն առաջարկում են արհեստական բանականության և մեքենայացված ուսուցման վրա հիմնված լուծումներ։ Ոլորտների ընտրությունը նույնպես բազմազան է, և ամենաշատ լուծումներն առաջարկվում են կրթության, առողջապահության, ֆինանսների ոլորտներում և էլեկտրոնային առևտրում:

«Ստարտափներից ոմանք լուծումներ են առաջարկում կրթության ոլորտում, մասնավորապես ծրագրավորման ուսուցման տարբեր եղանակների և փորձառությունների վերաբերյալ, ինչը նույնպես համահունչ է միջազգային շուկայում տիրող տենդենցներին։ Հետաքրքիր էր դիմորդների ցանկում տեսնել տուրիզմին և այլ ծառայություններին առնչվող լուծումներ AR/VR տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնք կարող են մրցունակ լինել միջազգային շուկայում»,- նշում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

Seedstars մրցույթի տեղական փուլի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է, որն աջակցում է Հայաստանի ՏՀՏ ոլորտի զարգացմանը։

«Իր ձևաչափով յուրօրինակ այս նախագծին՝ Seedstars-ին աջակցելը, բխում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի որդեգրած մոտեցումից՝ ի նպաստ Հայաստանի երկարաժամկետ զարգացման: Այն է՝ բացահայտել  շնորհալի հայ երիտասարդների հսկայական ներուժը, պայմաններ ստեղծել ՏՀՏ ոլորտում նրանց ստեղծագործ միտքը կիրառելու համար, ինչպես նաև աջակցել նրանց՝ մրցակցային միջավայրի դժվարությունները հաղթահարելու ու գաղափարներն իրականություն դարձնելու հարցում», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Seedstars Երևան» սթարթափների մրցույթի մասնակցության դիմում-հայտերը դեռ ընդունվում են և հետաքրքրված սթարթափները կարող են դիմել: Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտ այստեղ` մուտքագրելով SSW_Yerevan_2017 կոդը։ Հայտը պետք է ուղարկել մինչև սեպտեմբերի  19-ը:

Լավագույն 12 ստարտափերը կմասնակցեն «Seedstars-Երևան» սթարթափերի տեղական փուլին, որը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին: Մրցույթի հաղթողը հնարավորություն կստանա ներկայացնելու իր պրոդուկտը Շվեցիարիայում կայանալիք Seedstars համաշխարհային մրցույթին, որի հաղթողը կստանա մինչև 1 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորում:

Մրցույթի տեղական փուլի կազմակերպմանն աջակցում են միջոցառման գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Շվեյցարիայի դեսպանատունը Հայաստանում։