Շվեյցարիայում կայանալիք Seedstars միջազգային մրցույթին Հայաստանը կներկայանա Chessify թիմով, որի ստեղծած արտադրանքն հնարավորություն է տալիս հեռախոսով գրքից նկարել խնդիրը, թվայնացնել ու աշխատել դրա վրա. տեղաշարժել խաղաքարերը, վիզուալ ավելի հեշտ պատկերացնել հետագա քայլերը: Ներկայումս այն ունի արդեն 100,000-ից ավել ներբեռնում։ Միջազգային մրցույթում սթարթափը հնարավորություն կունենա իր պրոդուկտը ներկայացնելու հնարավոր ներդրողների, գործընկերների դատին և պայքարելու 1 միլիոն ԱՄՆ դոլարի չափով մրցանակի համար։
Հայաստանյան փուլի երկրորդ տեղը զբաղեցրել է Inapptics-ը, որն օգնում է մոբայլ հավելված ստեղծողներին բարձրացնել իրենց հավելվածի եկամտաբերությունը և արդյունավետությունը՝ օգտագործողի պահվածքի վերլուծության և պրոակտիվ հուշումների միջոցով:
Երրորդ տեղում է Breedge սթարթափը, որն առաջարկում է կապող հարթակ ուսանողների և գործատուների միջև:
70 հայտադիմումից ընտրված 11 սթարթափ հնարավորություն էր ստացել ներկայացնել իր մշակած արտադրանքը միջազգային և տեղական մասնագետներից կազմված ժյուրիի անդամներին։
Ժյուրիի անդամները ներկայացված պրոդուկտները գնահատել են մի քանի չափանիշով՝ թիմը, առկա վիճակը, կիրառելիությունը ավելի մեծ շուկայում, ստեղծած արժեքը և այլն։
Հատկապես մեծ հետաքրքրություն են ներկայացրել արհեստական բանականության և մեքենայացված ուսուցման հենքով պրոդուկտները, որոնք լուծումներ են առաջարկում առողջապահության, կրթության և ֆինանսների կառավարման գործում:
«Այս տարվա միջոցառման մասնակից սթարթափները հաճելիորեն զարմացրեցին, շատերի պրոդուկտները բավականին հղկված էին և պատրաստ դուրս գալու միջազգային շուկաներ, շատերը արդեն ունեին նշանակալի ձեռքբերումներ թե ներգրավված ներդրումների, թե թիրախային շուկաներում պրոդուկտի զարգացման առումով։ Կարևոր եմ համարում ընդգծել նաև, որ բոլոր պրոդուկտները միտված էին մեծ ու գլոբալ խնդիրների լուծմանը։ Այս դրական փոփոխությունները և զարգացման միտումները հայկական ստարտափ էկոհամակարգի և բոլորիս կարևոր ձեռբերումն է», — նշել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։
Նշենք, որ Seedstars միջազգային մրցույթի երևանյան փուլը կազմակերպել էր Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ:
Մրցույթի տեղական փուլի կազմակերպմանն աջակցեցին միջոցառման գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը, Շվեյցարիայի դեսպանատունը Հայաստանում, Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը և Մայքրոսոֆթ Էր-Էյ ընկերությունը։ Միջոցառման արծաթե գործընկերն է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն։
Նունե Գրիգորյան