«ՏՏ ոլորտում Հայաստանն ունի լուրջ մրցակցային առավելություններ տարածաշրջանում». Կարեն Կարապետյան

Այսօր մեկնարկել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի 10-րդ՝ «ԱրմԹեք 2017» գլոբալ համաժողովը: Ամենամյա այս միջոցառումը կարևոր հարթակ է ոլորտի ձեռքբերումների ներկայացման, նոր գործարար և ներդրումային հնարավորությունների հայտնաբերման, համագործակցության խթանման և փորձի փոխանակման համար:

Վարչապետ Կարեն Կարապետյանն իր բացման խոսքում կարևորել է գիտելիքի վրա հիմնված տնտեսություն կառուցելու անհրաժեշտությունը:

«Պետք է նշենք, որ վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է զգալի առաջընթաց տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների զարգացման բնագավառում և ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու ներուժը՝ դառնալու տարածաշրջանային կենտրոն և կարևոր դերակատար: 2008-2016 թթ. ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է տարեկան միջինը 20-22 տոկոս աճ, ինչը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությամբ: Բայց դա մեզ պետք է չհանգստացնի, դա այս ոլորտի գագաթնակետը չէ, և աճի տեմպերը, իմ պատկերացմամբ, կարող են լինել շատ ավելի բարձր», – ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետի խոսքով՝ ներկայում ՀՀ կառավարության կողմից մասնավոր հատվածի հետ համատեղ հաջողությամբ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանը, արտահանման և ներդրումների ծավալների ավելացմանը, վերազգային կազմակերպությունների ներգրավմանը, ոլորտի տարածքային համաչափ զարգացմանը, որակյալ տեխնոլոգիական մասնագետների պատրաստմանն ու կրթական կարողությունների հզորացմանը, ինչն իր հերթին խթանում է համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա Հայաստանի կայուն դիրքավորումը:

«Այսօր Հայաստանում գործում են ՏՏ ոլորտի այնպիսի առաջատար անդրազգային ընկերություններ, ինչպիսիք են` «Սինոփսիս», «Մենթոր Գրաֆիքս», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Մայքրոսոֆթ», «Վի Էմ Ուեր», «Դ-Լինկ», «Օրաքլ», «Սիսկո» և այլ ընկերություններ: «Մայքրոսոֆթ» և «ԱյԲիԷմ» ընկերության հետ համատեղ Հայաստանում հիմնվել ու ներկայում հաջողությամբ գործում են «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը և Նորարարական լուծումների ու տեխնոլոգիաների կենտրոնը:

Կարևորում ենք նաև, որ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող հայկական կազմակերպությունները նախկին արտապատվիրման ուղղվածությունից աստիճանաբար վերաճում են հետազոտություններ և մշակումներ իրականացնող և ամբողջական բարդ ինժեներական լուծումներ առաջարկող կազմակերպությունների, որոնց կողմից թողարկված մրցունակ տեխնոլոգիական լուծումներն ու արտադրանքն իրացվում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին շուկաներում: Այսօր մենք ունենք լուրջ մրցակցային առավելություններ թե´ տարածաշրջանում, թե´ այլ երկրների համեմատ»

ՀՀ կառավարության կարևոր խնդիրներից է նաև որակյալ կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը: Վերջին տարիներին հիմնվել են մի շարք ուսումնական կենտրոններ և լաբորատորիաներ:

Կառավարության ղեկավարը կարևորել է այն հանգամանքը, որ «Արմթեք 2017»-ն անցկացվում է կիբերանվտանգության թեմայով։

«Աշխարհն ունի բազմաթիվ մարտահրավերներ, որոնց լուծումն անհնար է պատկերացնել առանց կիբերանվտանգության, տեղեկատվական անվտանգության խնդիրների լուծման։ Եվ որքան մեզ հաջողվի արդյունավետ լինել այս դաշտում, այնքան ավելի արագ կապահովենք տեխնոլոգիաների մուտքն առօրյա կյանք։ Սա վերաբերում է ոչ միայն կառավարության, այլև մեր տնտեսության բոլոր ճյուղերի արդյունավետության բարձրացմանը՝ սկսած բանկային համակարգից ավարտած գյուղատնտեսությամբ»: 

«ԱրմԹեք 2017» գլոբալ համաժողովը նպատակ ունի աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը՝ խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդումը և ներդրումների աճը: Այս տարի ֆորումը նվիրված է կիբերանվտանգության ոլորտին:

Քննարկման գլխավոր թեմաներն են՝ կիբերանվտանգության զարգացման մարտահրավերները և ռազմավարական ուղղությունը, կիբեր սպառնալիքները և պաշտպանվելու հնարավորությունները մասնավոր և հանրային հատվածում, կիբերանվտանգության ապագան՝ իրերի ինտերնետ, արհեստական բանականություն, ավտոմատացում և այլն:

Նշենք, որ համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը: