Մեկնարկել է հայկական Moon լևիտացիոն տեսախցիկի քրաուդֆանդինգ արշավը IndieGoGo հարթակում

Մեկնարկել է հայկական 1-Ring սթարթափի ստեղծած Moon «ճախրող» և խելացի տեսախցիկի քրաուդֆանդինգ արշավը IndieGoGo հարթակում:

Տեսախցիկը նկարելուց բացի զգում է ցանկացած շարժում կամ փոփոխություն շրջակա միջավայրում՝ այդ մասին տեղեկացնելով օգտատիրոջը: Տեսախցիկը միանգամից պտտվում է այն մարդու կողմը, ով տվյալ պահին խոսում է։ Կարող է իր առանցքի շուրջ 360 աստիճան պտույտ կատարել:

Այն թույլ է տալիս սմարթֆոնով հետևել բնակարանի անցուդարձին բացակայության ընթացքում, ինչպես նաև կառավարել տան սարքավորումները, որոնք աշխատում են Bluetooth-ով, Z-wave-ով կամ ZigBee-ով: Moon-ի միջոցով հնարավոր է միացնել կամ անջատել հեռուստացույցը, օդորակիչը և տան այլ սարքավորումները:

Խելացի տեսախցիկը կարող է չափել օդի ջերմաստիճանը, խոնավությունը, լուսավորությունը, CO2-ը և սահմանված ցուցիչների խախտման դեպքում ծանուցումներ ուղարկել օգտատիրոջը: Լիցքավորվում է անլար սկզբունքով: Սթարթափն առաջարկում է տեսախցիկը 3 տարբերակով՝ $149, $199, $349 գներով:

Քրաուդֆանդինգ արշավի նախապես սահմաված թիրախային գումարը կազմում է 45000 դոլար: Արշավի մեկնարկից ժամեր անց նախագիծը հավաքել է ավելի քան 25000 դոլար:

 

Նունե Գրիգորյան