«Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» հայ-թեք համաժողովը կհամախմբի մոտ 150 երիտասարդի

Գյումրիում, առաջին անգամ, կանցկացվի «Մարզերի Հզորացումը Բարձր Տեխնոլոգիաների Խթանմամբ» խորագրով երկօրյա համաժողով: Նպատակն է` բացահայտել կրթությունից բիզնես հնարավորությունները և մարտահրավերները, քննարկել և բացահայտել ՀՀ կառավարության դերը մարզերում՝ բիզնես միջավայրի ստեղծման գործընթացում, նպաստել մարզերում բիզնես միջավայրի զարգացմանը, ցույց տալ Շիրակի մարզի հաջողված փորձը բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտության և հարակից ոլորտների՝ կրթության, բիզնեսի զարգացման ու ենթակառուցվածքային խթանիչ միջավայրի ձևավորման գործընթացներում:

Համաժողովը կմեկնարկի նոյեմբերի 17-ին՝ պանելային 3 քննարկումներով՝

  • Բիզնես միջավայրի աջակցություն,
  • Բիզնես մտածելակերպի խթանումը մարզերում,
  • Առաջընթացը կրթության ոլորտում` ՀՀ զարգացման գրավական։

Համաժողովի 2-րդ օրը՝ նույեմբերի 18-ին, միջազգային և տեղական փորձագետների կողմից կանցկացվեն վորքշոփեր:

«Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության կողմից երկրի տնտեսության զարգացման գերակա ճյուղ հայտարարված ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում խիստ կարևորվում է ՀՀ մարզերում տեխնոլոգիական զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը, ինչը ոչ միայն ուղղված է մարզերից մասնագիտական արտահոսքի կանխարգելմանը, այլև մարզերի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանն ու մրցունակության բարձրացմանը:

Այս նպատակով նախաձեռնեցինք համաժողովը, որը հարթակ կհանդիսանա վեր հանել ոլորտի հիմնախնդիրները մարզերում, նպաստել մարզերում բիզնես միջավայրի ստեղծմանը՝ ցույց տալով Շիրակի ՏՏ ոլորտի հաջողված փորձը»,- նշում է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի բիզնես զարգացման մենեջեր Ամալյա Եղոյանը:

Համաժողովը կհյուրընկալի ոլորտով հետաքրքրված ավելի քան 140 երիտասարդի՝ ՀՀ  բոլոր մարզերից (յուրաքանչյուր մարզից 15 մասնակից):

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը վստահություն է հայտնել, որ  այս նախաձեռնությունը մեծ խթան կհանդիսանա երիտասարդների համար՝ մուտք գործել տեխնոլոգիական ոլորտ, դառնալ հաջողակ ձեռներեցներ, նպաստել աշխատատեղերի ստեղծմանն ու ընդհանուր կենսամակարդակի բարձրացմանը։

 «Տարբեր ոլորտներում ապակենտրոնացումը Երևանից մարզեր կարևոր գործընթաց ենք համարում, ինչից ելնելով էլ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը աջակցում է այդ ուղղությամբ իրականացվող նախաձեռնություններին»,- ասել է Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Էվա Մարիա Նայերը:

Նշենք, որ համաժողովն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի և Հայ Օգնության Ֆոնդի (ՀՕՖ) աջակցությամբ: Կազմակերպիչներն են` ՀՀ կառավարությունը, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնը, Շիրակի մարզպետարանը և Գյումրու քաղաքապետարանը։