Global Game Jam Armenia 2018. ամփոփվել են արդյունքները

Հունվարի 26-28-ը Հայաստանում արդեն երկրորդ անգամ անցկացվեց Global Game Jam խաղերի միջազգային հաքաթոնը։

Խաղերի դիզայներները, ծրագրավորողները, նկարիչները, անիմատորները, սցենարիստները, ձայնային ձևավորողները կամ պարզապես էնտուզիաստները 48 ժամում պետք է ստեղծեին կամայական ոճի խաղ (թղթախաղ, սեղանի խաղ, վիդեոխաղ)։ Հաքաթոնի կազմակերպիչներն են Noor Games-ը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) և EPIC կենտրոնը:

Noor Games-ի հիմնադիր Նարեկ Աղեկյանը itTrend.am-ի հետ զրույցում ամփոփեց այս տարվա արդյունքները և նշեց առանձնահատկությունները.

«Այս տարին առանձնահատուկ էր մասնակիցերի թվի կրկնակի աճով։ Global Game Jam Armenia 2018-ն ունեցավ մոտ 80 մասնակից, որից 65–ը միայն գեյմերներ էին, 15-ը` մենթորներ։ Նախորդի հետ համեմատ` այս տարին առանձանահատուկ էր նաև, քանի որ ունեցանք մենթորներ, ովքեր օգնում էին թիմերին խաղերը մշակելու ընթացքում։ Հաքաթոնի ընթացքում ձևավորվեց համագործակցության յուրահատուկ հարթակ և ստեղծվեց  11 պլատֆորմեր, քուեսթ, փազլ և այլ ժանրի խաղեր»։

Նշենք, որ 2017–ին հաքաթոնի ընթացքում ստեղծվել էին Psychedelic Waves, Breaktrough wave, Noizes, Reach 2 Sea, The Fault in Our Waves և Star catchers խաղերը։ Global Game Jam միջազգային հաքաթոնը կազմակերպվում է 2009թ․-ից, նախորդ տարի GGJ-ին մասնակցել են 93 երկիր, կազմակերպվել է 630 վայրում։

Լուսանկարները` Նառա Գրիգորյանի

Նունե Գրիգորյան