Հունվարի 30-ին կայացավ «Հանրային կառավարման նորարարության շաբաթ» միջոցառումների շարքի մեկնարկը:
Կոլբա լաբը՝ ՀՀ Կառավարության, արդարադատության ու Կրթության և գիտության նախարարությունների հետ համատեղ հայտարարել էր նորարար գաղափարների մրցույթ պետական ծառայողների շրջանում, որի նպատակն էր օգտագործել պետական կառավարման համակարգի ներսում կուտակված գիտելիքը և փորձը՝ աշխատանքային գործընթացներն օպտիմիզացնելու, հանրային ծառայություններն առավել մասնակցային դարձնելու և հետադարձ կապի արդյունավետ գործիքակազմի ներդրման համար:
Ընդհանուր առմամբ ավելի քան 60 գաղափար էր ներկայացվել: Ընտրության արդյունքում հետևյալ 6 գաղափարները հնարավորություն են ստացեն անցնել Կոլբա լաբի ինկուբացիոն շրջանը և աջակցություն ստանալ Եվրոպական միության կողմից ծրագրերի իրականացման համար՝
- Երեխայի գրանցման և նպաստին դիմելու ընթացակարգերի օպտիմիզացում – Նանե Հարությունյան (ՀՀ արդարադատության նախարարություն)
- Կառավարության ծառայությունների առցանց խորհրդատու – Դիանա Ղազարյան, Աննա Հարությունյան (ՀՀ արդարադատության նախարարություն)
- Մասնագիտական կողմնորոշման հարթակ – Հայկուհի Գևորգյան (ՀՀ կրթության նախարարություն)
- «Աշակերտների ձայնը» – Կարինե Հարությունյան (Կրթության ազգային ինստիտուտ)
- Առցանց խորհրդատվական հարթակ դպրոցների ընդունելության վերաբերյալ – Արտակ Պողոսյան (Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն)
- «Chatbot»Գգործիքի մշակում և կիրառում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում – Լուսինե Թովմասյան (ՀՀ Կառավարություն)։
Միջոցառմանը ներկա էին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Ջիլավյանը, և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն:
«Եվրոպական միության ֆինանասավորմամբ Կոլբա լաբի կողմից իրականացվող «Նորարար առաջընթաց» ծրագրի արդյունքում ունենք նորարարական գաղափարների տպավորիչ ցանկ, հստակ գործողություններ և քաղաքացիների ներգրավվածության ընդլայնում:
Ծրագրի շնորհիվ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ավելի նոր մոտեցումներ խնդիրները լուծելու հարցերում։ Արդիականացման ճանապարհին ԵՄ-ն կանգնած է Հայաստանի և երկրի քաղաքացիների կողքին»,- նշել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը:
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն իր խոսքում կարևորել է նորարա թվային տեխնոլոգիաները քաղաքացիների շահերին ծառայեցնելու հանգամանքը։
Միջոցառման 2–րդ մասում տեղի ունեցավ պանելային քննարկում «Ստարտափերը պետական համակարգում» թեմայով, որի հրավիրված խոսնակներն էին ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Ջիլավյանը և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:
Քննարկմանը ընթացքում բանախոսները քննարկում էին, թե ինչպիսին պետք է լինեն ապագայի հանրային ծառայությունները, և ինչպես է կարելի այսօրվանից սկսել պատրաստվել նոր ձևաչափի ծառայությունների մշակմանն ու կիրառմանը: Որոնք են Հայաստանի պարտավորությունները «Բաց կառավարման գործընկերության» շրջանակում, և ինչպիսի մարտահրավերներ ու հնարավորություններ կան քաղաքացիական հասարակության, մասնավոր և պետական հատվածի համագործակցությունն առավել արդյունավետ կազմակերպելու հարցում: