Ռոբոտները նույնպես մրցել են ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում (տեսանյութ)

Այս օրերին Հարավային Կորեայում ընթացող Օլիմպիական խաղերի ընթացքում մրցությանը մասնակցում են նաև ռոբոտները, որոնց համար առանձին կազմակերպվել է դահուկասահքի մրցույթ։

Ski Robot Challenge–ին մասնակցել է 7 թիմ աշխարհի տարբեր երկրների համալսարաններից, հետազոտական լաբորատորիաներից և մասնավոր ընկերություններից։ Գլխավոր մրցանակը 10 հազար դոլար է սահմանվել, գրում է The Verge–ը։

Մրցույթի կանոնների համաձայն` ռոբոտները պետք է ունենային 50 սմ–ից ոչ պակաս հասակ, 2 ոտքի վրա ինքնուրույն կանգնելու կարողություն և օժտված լինեին ինքնավար շարժիչով։ Սենսոների օգնությամբ ռոբոտները պետք է կողմնորոշվեին և շրջանցեին ճանապարհին հանդիպող դրոշակները, ինչպես նաև չխախտեին դրանց հերթականությունը։ Նրանք պետք է հաղթահարեին սկսնակների համար նախատեսված 80 մետր երկարությամբ ուղի, սակայն նշվում է, որ ոչ բոլոր ռոբոտներին է հաջողվել հասնել եզրագծին։

Մասնակիցների համար խնդրներ է առաջացրել օդի ցածր ջերմաստիճանը, որը խոչընդոտել է մեխանիզմների բնականոն աշխատանքին։

Հաղթող է ճանաչվել MiniRobot Corp. ընկերության մշակած Taekwon-V ռոբոտը, որն իր անունն ստացել է 70–ականներին հանրահայտ հարավկորեական մուլտֆիլմի հերոս–ռոբոտի պատվին։ Ի դեպ, այս ռոբոտը իր հասակով ամենացածրն է եղել` 75 սմ։