Մայիսի 23-ին կայացել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 18-րդ տարեկան Համաժողովը:
Համաժողովին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ Տրանսպորտի, Կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանը, փոխնախարար Հակոբ Արշակյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը, պետական գերատեսչությունների այլ ներկայացուցիչներ, ԻՏՁՄ անդամ կազմակերպությունների, ՏՏ ոլորտի այլ ընկերությունների, կրթական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների ու դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը ողջունեց ներկաներին, շնորհավորեց Հայաստանի Հանրապետության վարչապետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ա. Եսայանը հույս հայտնեց, որ Կառավարությունը իր հաստատուն քայլը կանի նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, ռազմարդյունաբերության և կրթության ոլորտի բարեփոխումների և ներդրումների ներգրավման համար: ԻՏՁՄ նախագահը նաև Միության կողմից պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ոլորտի ռազմավարության մշակմանն ու իրականցմանը:
Ողջունելով Համաժողովի մասնակիցներին՝ վարչապետ Ն. Փաշինյանը նշել է. «Այսօր պետք է արձանագրենք, որ մեզ համար անհնար ոչինչ չկա, մեր նպատակներն իրագործելի են, և դրանց իրագործումը մեր գործնական խնդիրն է՝ անկախ նրանից, թե մյուսները որքանով են դա հնարավոր համարում: ՏՏ ոլորտը համարում եմ անհնարինության պատնեշները ջախջախելու առաջամարտիկը, և դուք կարող եք համարել, որ ունեք կառավարության լիակատար աջակցությունը»:
Համաժողովի մասնակիցներին ու հյուրերին մասնագիտացված աշխատանքային խմբերի կողմից ներկայացվեց ԻՏՁՄ 2017-2021 թթ. Ռազմավարության՝ Why Armenia հայեցակարգի, Ռազմարդյունաբերութան, Պետությունը որպես պատվիրատու, Կրթության ու աշխատուժի ձևավորման ենթաբաժինների կատարված աշխատանքներն ու հիմնահարցերը:
ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ներկայացրեց 2017 թ-ի ընթացքում Միության կողմից կատարված այլ աշխատանքներն ու գործառնական հաշվետվությունները:
Համաժողովի շրջանակում կնքվել է նաև համագործակցության հուշագիր ԻՏՁՄ-ի և Հայ-բրիտանական գործարարության պալատի միջև, ըստ որի կողմերը կհամագործակցեն ինֆորմացիոն տեխնոլոգիաների, արհեստական բանականության և իրերի համացանցի (Internet of Things-IoT) ոլորտներում հայկական և բրիտանական ընկերությունների միջև բիզնեսի ու կրթության կապերի ամրապնդման ու խթանման գործում:
Համաժողովի ընթացում ինչպես յուրաքանչյուր տարի, տեղի ունեցավ ԻՏՁՄ նախագահի և վարչության անդամների ընտրություն:
ԻՏՁՄ նախագահ վերընտրվեց Ալեքսանդր Եսայանը, իսկ ԻՏՁՄ վարչության անդամներ ընտրվեցին՝ «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, «ՎՕԼՕ» ընկերության տնօրեն Արմեն Քոչարյանը, «Մակադամիան Էյ Ար» ընկերության տնօրեն Սոֆի Մեհրաբյանը, «Մոնիտիս» ընկերության տնօրեն Րաֆֆի Քասարջյանը, «Գրանատուս Վենչուրս» ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը, «Է-Հայք» ընկերությյան տնօրեն Վահագն Պողոսյանը, «Մենթոր Գրաֆիկս Դիվելոփմենթ Սերվիսիս» ընկերության տնօրեն Իրինա Դումանյանը, «Դ-լինք ինտերնեյշնլ» ընկերության տնօրեն Արմեն Շահնազարյանը, «Ինստիգեյթ մոբայլ» ընկերության տնօրեն Արտակ Չոփուրյանը, «Նեյշնլ Ինստրումենտս Էյ Էմ» ընկերության տնօրեն Արամ Սալաթյանը, «Ինստիգեյթ դիզայն» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը, «Էս Էֆ Էլ» ընկերության տնօրեն Արսեն Գևորգյանը, իսկ «Լայմտեխ» ընկերության տնօրեն Գևորգ Սաֆարյանը ընտրվել է որպես վերստուգող:
Հավելենք, որ ԻՏՁՄ-ն հիմնադրվել է 2000 թ-ին՝ որպես բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ի որդեգրած առաքելությունն է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական ոլորտի միջազգային առաջատար՝ ոլորտի կազմակերպություններին և միության անդամներին ապահովելով բարենպաստ գործարար միջավայր, ոլորտի զարգացման ծրագրերով և շահերի պաշտպանությամբ՝ իրավաբանական, գործարար և կրթական ծառայություններ մատուցելու և ոլորտը կոնսոլիդացնող նախաձեռնություններ իրականացնելու միջոցով: