Գավառի պետական համալսարանը գործարկել է «GSU Mobile» բուհական կրթական բջջային հավելվածը։ Եռալեզու բջջային հավելվածը փոխգործակցում է ԳՊՀ պաշտոնական կայքի հետ և հնարավորություն է տալիս մոբայլ հարթակի միջոցով ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն Գավառի պետական համալսարանի մասին։ Հավելվածի ստեղծման գործում բուհի հետ համագործակցել է Luseen Mobile ընկերությունը։ Պարզելու համար, թե ինչ նորություններ ու նորարարություններ են ընդգրկվել հավելվածում Ittrend.am–ը զրուցեց ընկերության համահիմնադիր, ԳՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ Վարազդատ Ավետիսյանի հետ։
–Ի՞նչ է իրենից ներկայացնում հավելվածը:
–GSU Mobile բուհական կրթական բջջային հավելվածը հնարավորություն է տալիս մոբայլ հարթակի միջոցով ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն Գավառի պետական համալսարանի մասին։ Հավելվածի միջոցով կարելի է հետևել համալսարանական նորություններին, ծանոթանալ դասացուցակներին, քննաշրջանի և լուծարային շրջանի ժամանակացույցերին, օգտվել համալսարանի կողմից տրամադրվող ծառայություններից։
–Որո՞նք են նոր հավելվածի հիմնական գործառույթները։
–GSU Mobile հավելվածը համագործակցում է համալսարանի պաշտոնական կայքի հետ www.gsu.am։ Այն նախատեսված է համալսարանի ուսանողական, պրոֆեսորադասախոսական, վարչական համակազմի, ինչպես նաև արտաքին շահեկիցների համար։ Հավելվածը եռալեզու է և աշխատում է նաև ոչ առցանց (offline) ռեժիմում։
–Որո՞նք են թիրախային խմբերը՝ ո՞ւմ համար է նախատեսված այն:
–Հավելվածում առկա ծանուցումների (notifications) համակարգը հնարավորություն է տալիս ստանալ ծանուցումներ համալսարանական իրադարձությունների, միջոցառումների վերաբերյալ։ Հավելվածում տեղակայված է նաև ԳՊՀ հեռախոսահամարների տեղակատուն, ինչը թույլ է տալիս անմիջապես հեռախոսով զանգ կատարել։ Գործիքի միջոցով կարելի է մուտք գործել ԳՊՀ էլեկտրոնային ուսուցման համակարգ, սոց․ ցանցերում համալսարանի պաշտոնական էջեր, ինչպես նաև կիսվել ինֆորմացիայով (share) տարբեր հարթակներում` facebook, viber, email, telegram և այլն։
–Ի՞նչ լուծումներ է առաջարկում հավելվածը:
–Հավելվածում ներկայացված են նաև համալսարանի կառուցվածքը, առաջարկվող կրթական ծառայությունները, գործող ֆակուլտետները, ուսանողական ինքնակառավարման մարմինները և այլն։
–Քանի՞ բաժին ունի և որո՞նք են դրանք:
–Հավելվածը բաղկացած է 12 հիմնական բաժիններից՝
- Նորություններ
- Հայտարարություններ
- Դասացուցակ
- Քննաշրջան
- Ֆակուլտետներ
- E-learning
- Կրթություն
- Մեր մասին
- Ուսանողական կյանք
- Սոցիալական ցանցեր
- Տեղեկատու
- Հավելվածի մասին
–Ինչո՞վ է տարբերվում նախկին՝ 2016-ին թողարկված տարբերակից։
–Դեռևս 2016-ին թողարկված հավելվածից ունի մի շարք տարբերություններ՝
- առկա է ինչպես Android, այնպես էլ iOS տարբերակը,
- փոխգործակցում է համալսարանի նոր պաշտոնական կայքի հետ,
- եռալեզու է,
- ունի ներդրված ծանուցումների համակարգ,
- աշխատում է նաև offline ռեժիմում,
- առկա է հեռախոսահամարների տեղեկատու՝ զանգ կատարելու հնարավորությամբ
- մշակված է ժամանակակից Flat դիզայնով։
– Ի՞նչ է նախատեսվում ավելացնել այստեղ։
–Ինչպես ցանկացած այլ տեխնոլոգիական լուծում, ժամանակի ընթացքում հավելվածում ևս կներդրվեն նոր հնարավորություններ, մասնավորապես առցանց հետադարձ կապի հնարավորություն և այլն։
GSU Mobile հավելվածը մշակվել է Luseen Mobile ընկերության (www.luseen.com ) կողմից ` ԳՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի մասնակցությամբ: Luseen Mobile-ն ունի թողարկած մի շարք սեփական գաղափարային հավելվածներ՝ «Profi4.me», «Զվարթնոց», «Dram Today», «LuseeNet»:
Հարցազրույցը` Սյուզան Թոսունյանի