Girls in Tech հայաստանյան մասնաճյուղը նախաձեռնել է նոր ծրագիր, որը նպատակ ունի կոդավորւմը հասանելի ու սովորական հմտություն դարձնել հայաստանցի երեխաների համար: Նախաձեռնության անդամներն այս անգամ համագործակցում են մեկ այլ համաշխարհային ցանցի՝ CoderDojo հիմնադրամի հետ, որը հասցրել է ստեղծել կոդավորման մանկական ակումբների ամենամեծ ցանցն աշխարհում:
CoderDojo ակումբներում կոդավորում (coding) սովորելու հնարավորություն ունեն 7-17 տարեկան երեխաները, դասընթացներն անվճար են, անցկացվում են մենթորների կողմից՝ անկաշկանդ ու ստեղծարար միջավայրում: 2013թվականին մեկնարկած CoderDojo շարժումն այսօր ավելի քան 1600 ակումբների ցանց ունի, որոնք տարածվում են Միացյալ Նահագներից մինչեւ Ավստրալիա եւ Բրազիլիայից մինչեւ Հնդկաստան: Մեր տարածաշրջանում առայժմ Dojo ակումբ կա միայն Թուրքիայում, իսկ ԱՊՀ երկրներից՝ միայն մեկական ակումբ Ռուսաստանում եւ Ուզբեկստանում: Հայաստանում մեկնարկող Dojo ակումբների ցանցն առաջինն է լինել Հարավային Կովկասում եւ նման ծավալով:
Հայաստանյան նախաձեռնության հեղինակները նույնպես ցանկանում են հայ երեխաներին վաղ տարիքից հնարավորություն տալ իրենց մտքերն ու գաղափարներն արտահայտել սեփական կոդերի միջոցով: Նախաձեռնությունը իրագործելու եւ առնվազն կես տարի կայուն գործունեություն ապահեվոլու համար այս օրերին մեկնարկել է դրամահավաք, որի ամբողջ հասույթը տրամադրվելու է Հայաստանի 6 քաղաքներում՝ Երեւանում, Մասիսում, Չարենցավանաում, Արթիկում, Մարտունիում եւ Վայքում, CoderDojo կոդավորման անվճար ակումբեր հիմնելուն: Նախաձեռնության անդամները որպես հիմնական տարիքային խումբ առանձնացրել են 7-14 տարեկաններին, ովքեր ծրագրավորման գիտելիքներ ստանալու առավել քիչ հնարավորություններ ունեն:
«Մենք վստահ ենք, որ մեր օրերում ընդամենը մի քանի տարի հետո կոդավորման հմտությունը անգլերեն իմանալու նման անհրաժեշտություն է դառնալու, այդ պատճառով նախընտրում ենք օր առաջ նմանատիպ հնարավորություն տալ առանց այդ էլ բավական տաղանդավոր հայ երեխաներին», — նշում է Girls in Tech Հայաստանի գործադիր տնօրեն Սեդա Պապոյանը:
Ի դեպ, հայկական CoderDojo ակումբներում աղջիկների ներգրավումը հատկապես խրախուսվում է՝ նախատեսելով առնվազն 50% մասնակցություն: Այս օրերին ծրագիրը փորձարկվում է ՏաՏա Ամառային դպրոցում:
6 ակումբներում ամսական ավելի քան 1000 երեխաներ հնարավորություն կունենան վերապատրաստված մենթորների օգնությամբ բացահայտել կոդերի աշխարհն ու ստեղծել իրենց ծրագրերը: Ուսուցումը տարվելու է նույն ծրագրով, ինչ Dojo ցանցի բոլոր ակումբներում։ Բացի այդ, երեխաներն առցանց կկարողանան շփվել այլ երկրների իրենց հասակակիցների հետ, զարգացնել հաղորդակցության հմտություններն ու համատեղ ծրագրեր նախաձեռնել:
Այս ամենն իրականություն կդառնա դրամահավաքի հաջող ավարտից հետո, որի վերջնաժամկետը հուլիսի 30-ն է: Առցանց հարթակում նվիրատվություն կարող են կատարել բոլոր ցանկացողները՝ սեղմելով հետեւյալ հղումը։