Հոկտեմբերի 5–7–ը կանցկացվի 14–րդ Digitec–ը

ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 5-7-ը՝ «Երևան էքսպո» կենտրոնում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել են ԴիջիԹեքի կազմակերպիչ` Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ու ԴիջիԹեքի, պլատինե հովանավոր՝ Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

«Տոն՝ տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող ԴիջիԹեք 2018-ը, համախմբելով տեխնոկրատներին, քայլ առ քայլ մոտենում է ՏՏ համաշխարհային համաժողովին (WCIT)՝ կրելով նաև 2-րդ՝ «ՏՏ համաշխարհային համաժողովի ճանապարհին» խորագիրը: ԴիջիԹեքին կհայտարարվի հետհաշվարկը, քանի որ ընդամենը մեկ տարի անց Հայաստանը կհյուրընկալի միջազգային ամենախոշոր միջոցառումներից մեկը՝ WCIT 2019:

«Այս տարի ԴիջիԹեքը կունենա միջազգային լայն մասնակցություն, որը պայմանավորված է նաև WCIT 2019-ի նախապատրաստական աշխատանքներով: Երևանում կլինեն Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA)  տնօրենների խորհրդի անդամները ՝ ովքեր ԴիջիԹեքում կծանոթանան Հայաստանի ՏՏ ներուժին ու մասնակից ընկերությունների ծառայություններին: Նրանք հանդիպումներ կանցկացնեն պատասխանատու օղակների հետ՝  համապատասխանեցնելու համար հայաստանյան միջավայրը WCIT-ի անցկացման համար», նշում է ԴիջիԹեքի կազմակերպիչ՝ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Այս տարվա ընթացքում Ucom-ը վերջնականապես որդեգրեց թվային ընկերություն դառնալու ուղին։ Այո՛, մեզ ճանաչում են որպես հեռաhաղորդակցման կամ կապի օպերատոր, սակայն արդեն այսօր դա մեր գործունեության ճյուղերից մեկն է։ Ucom-ը դարձել է նաև ամպային տեխնոլոգիաների, բազմաթիվ OTT-հավելվածների, տեսաբովանդակության տարածման նոր ուղիների ստեղծողն ու ջատագովը։ Մեր ընկերությունը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի պահպանի ամենանորարար, տեխնոլոգիապես առաջատար և հաճախորդամետ թվային ընկերության իր իմիջը Հայաստանում: Այսօր մենք ասոցացվում ենք այնպիսի եզրույթների և ծառայությունների հետ, ինչպիսիք են NaaS-ը (ցանցը որպես ծառայություն) և SaaS-ը (ծրագրային ապահովումը որպես ծառայություն)», — նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

ԴիջիԹեք տեխնոտոնը՝ համապատասխանեցվելով միջազգային ստանդարտներին, արդեն այս տարի կգրանցի այցելուների նախասիրությունները՝ հետագայում ավելի թիրախավորված առաջարկներով հանդես գալու համար:

Այսպիսով՝ հերթերից խուսափելու համար կազմակերպիչներն առաջարկում են նախապես գրանցվել՝ այցելելով digitec.am կամ ԴիջիԹեքի ֆեյսբուքյան էջ, որտեղ կարելի է գրանցվել հատուկ ստեղծված chatbot-ի օգնությամբ: Պետք է պահպանել ծածկագիրը (QR code) և ներկայացնել այն անցակետում: Հակառակ դեպքում, ստիպված կլինեք մուտքի մոտ կրկին գրանցվել:

Իսկ այն այցելուները ովքեր, ինչ-ինչ պատճառներով չեն հասցնի գրանցվել, ԴիջիԹեքի թիմը տեղում կօգնի նրանց գրանցվել:

Գրանցումն անվճար է: ԴիջիԹեքյան օրերին կլինի նաև խաղարկություն, որին կմասնակցեն նախապես գրանցված այցելուները. սպասվում են տեխնոլոգիական նվերներ (պլանշետ, հեռախոս և այլն):

ԴիջիԹեքի գրանցման հարթակը ստեղծվել է HackTech, իսկ ֆեյսբուքի հատուկ chatbot-ը՝ IUNetworks ընկերությունների հետ համագործակցությամբ:

ԴիջիԹեք 2018-ի շրջանակում կանցկացվեն հայ-գերմանական, հայ-թայվանական գործարար ֆորումներ: Կլինեն նաև ԴիջիԼայֆ սեմինարներ:

ԴիջիԹեքի բաժիններն են՝ Կոմպլեքս ինժեներական լուծումներ, ՏՏ սարքավորումներ և համակարգեր, հեռահաղորդակցության և ցանցային լուծումներ, բջջային տեխնոլոգիաներ և հավելվածներ, խաղային տեխնոլոգիաներ և մուլտիմեդիա, տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար, տեղեկատվական և կիբեռ անվտանգություն, ֆինանսաբանկային լուծումներ: Ցուցահանդեսին մասնակցում են Ucom, PicsArt, VMware, VOLO, Arloopa, IUNetworks, Webb Fontaine, Instigate, ArmSoft, Early one, GG, HackTech, Mtech, Globbing Keysight Technologies և մի շարք այլ ընկերություններ, ինչպես նաև Հայաստանով և Արցախով սփռված շուրջ 230 դպրոցների «Արմաթ» կրթական ցանցի սաներ ու ստարտափեր: Ի դեպ, ստարտափ ընկերությունները ցուցահանդեսին մասնակցում են արտոնյալ պայմաններով ու համաֆինանսավորմամբ: Մասնակից ընկերությունների ու ծրագրերի թիվը շուրջ 120 է:

ԴիջիԹեքն իրականացվում է արդեն 14-րդ տարին անընդմեջ ԱՏՁՄ-ի կողմից ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ավանդական պլատինե հովանավորն է Ucom ընկերությունը: