Երեխաներն ու ծնողները համացանցը գիտեն հավասարապես․ Մարիա Նամեստնիկովա

Համացանցային անվտանգությունն այսօր կիբեռաշխարհի մտածողության առաջնային խնդիրն է, մանավանդ, երբ խոսքը գնում է երեխաների պաշտպանության մասին։ Նրանք, ինչպես և կյանքում,  համացանցում նույնպես խոցելի խումբ են համարվում։ Պարզվում է՝ երեխայի համացանցային անվտանգությունը նույնպես կապված է ժամանակին ու ճիշտ դաստիարակության հետ։ Կասպերսկի լաբորատորիայի մանկական կիբեռանվտանգության մասնագետ Մարիա Նամեստնիկովան ittrend.am-ին տված հարցազրույցում խոսել է համացանցային անվտանգության, ծնողների ու երեխաների կիբեռփոխհարաբերությունների ու պաշտպանության մասին։ 

 

-Ի՞նչ է երեխաների անվտանգությունը համացանցում:

-Հիմա մեծ հարց է առաջացել՝ ինչ անել երեխաների հետ ինտերնետ տարածության մեջ: Մի ժամանակ եկավ, երբ պարզեցինք, որ երեխաները շատ  ժամանակ են անցկացնում համացանցում և նրանց համար համացանցը եթե իրականությունից կտրվելու նման բան  չէ, ապա իրականության հետ զուգահեռ քայլող աշխարհ է: Նույնը նաև վերաբերում է մեզ՝ մեծերիս: Այնտեղ առկա վտանգները ազդում են  երեխայի վրա նաև իրական կյանքում՝ ֆիզիկական, հոգեբանական կողմով և, իհարկե Աստված չանի, կյանքին: Մենք  սկսեցինք մտածել՝ ինչ անել համացանցը անվտանգ դարձնելու համար: Պատասխանը մեկն է՝ այնտեղ պետք է անել այն, ինչ կանեինք իրական կյանքում: Հնարավո՞ր է արդյոք համացանցն ամբողջապես անվտանգ դարձնել երեխաների համար: Ոչ, հնարավոր չէ, որովհետև համացանցը ստեղծել են մարդիկ մարդկանց համար և այնտեղ միևնույնն է կլինեն չարագործներ, որոնք նոր ու վնասակար բաներ կմտածեն: Շատ ծնողներ  մտածում են, որ   երեխաների համար համացանցն անվտանգ դարձնելու միակ ելքը դրանից օգտվելու արգելքն է: Բայց նման  մարդիկ, հուրախություն մեզ, քչանում են, քանի որ բոլորը սկսել են հասկանալ՝ դա նույն բանն է, ինչ երեխային փակես սենյակում և չթողնես երբեք դուրս գնա: Երբ այս հարցը քննարկում ենք մեծերի հետ, միշտ մի բան ենք ասում՝  պետք է ոչ թե արգելել, այլ դաստիարակել երեխային՝ ինչպես իրական կյանքում: Պետք է զբաղվել երեխայի վիրտուալ անվտանգությամբ նույնպես: Սա է ծնողների, երեխաների ու ուսուցիչների այսօրվա խնդիրներից մեկը:

-Ո՞րն է ծնողների ամենամեծ սխալը կապված վիրտուալ անվտանգության հետ և ինչ լուծում կա:

– Հիմա՝ երբ երեխան դեռ կես ամսեկան է, նրան սմարթֆոն են տալիս ու ասում ՝ նայիր մուլտերդ, ես իմ գործերով զբաղվեմ: Թե ինչ է նա այնտեղ նայում, ինչ է տեսնում, ծնողները հիմնականում չեն հետևում: Սա ամենամեծ սխալն է, որը ծնողը կարող է թույլ տալ: Կան ծրագրեր, որոնք  որոշ սահմանափակումներ են մտցնում: Օրինակ՝  մեր առաջարկած նմանատիպ ծրագիրը կոմերիցիոն չէ, անվճար է, չնայած՝ ունի որոշ գործառույթներ վճարի դիմաց: Բայց  անվճար տարբերակը լիովին բավական է երեխաներին պաշտպանելու համար:

-Իսկ այլ անվտանգության համակարգեր կան, թե բացառապես կողմմնակի հավելվածների միջոցով պետք է կառավարել ինտերնետը:

-Կան գործառույթներ, որոնք տեղ են գտել միանգամից օպերացիոն համակարգերում, դրանք բավական են փոքր երեխային հետևելու համար՝ թույլատրում են սահմանափակել սարքի հետ աշխատելու ժամանակը: Հիմա ծնողները վախենում են, որ երեխաները կամաց-կամաց համացանցից կախվածություն  ձեռք կբերեն և ասեմ՝ իզուր չէ: Հոգեբանները համացանցային կախվածությունն արդեն հիվանդություն են համարում: Ինչ պետք է անել՝ առաջինը՝ երեխաներին բացատրել ինչու է սարքը անջատվում: Ասել, որ ոչ թե այն պատճառով, որ ծնողները դեմ են, այլ կա հիվանդություն՝ կախվածություն և պետք է այդ հիվանդությանը արգելել մտնել քո կյանք: Սրանք առաջին կարևոր քայլերն են: Տեխնոլոգիաները իրականում ավելի շատ հնարավորություն են տալիս ծնողներին, քան՝ երեխաներին, բայց չգիտես՝ ինչու մենք ամաչում ենք օգտվել դրանից և համացանցը ընկալում ենք պարզապես որպես՝ սմարթֆոն: Շատերը մտածում են, եթե նման ծրագիր ես դնում երեխայիդ սմարթֆոնում, ապա լրտեսում ես նրան:

-Այսինքն՝ մենք խնդիր ունենք նաև ծնողների հետ:

-Ամենամեծ խնդիրը հենց նրանց՝ ծնողների հետ է: Փոքր երեխան  չգիտի, որ նաև համացանցում պետք է հոգ տանի իր անվտանգության մասին և մինչև ծնողները դրա մասին չասեն, երեխան չի հասկանա: Երբ երեխան  մեծ է, պետք է ցույց տալ, թե իր անվտանգության համար ինչ տեխնոլոգիաներ կան: Եվ կրկին, մինչև ցույց չտաս, նա չի իմանա այդ մասին: Եթե չասես, կգա մի պահ, որ անվտանգության ծրագիր նկատելիս՝ նա կասի՝ դա լրտեսել է, ես համացանցից ավելի լավ եմ օգտվում, քան՝ դու: Իսկ սա սխալ կարծիք է: Մեր հարցումները ցույց են տվել, որ ծնողներն ու երեխաները համացանցի օգտվել կարողանում են նույնչափ, ուղղակի նրանք տարբեր բաներ գիտեն: Եթե երեխաները նոր հավելվածներ ու սոցցանցերի մասին գիտեն, ծնողներն ավելի շատ գիտեն անվտանգության մասին:

-Իսկ որտե՞ղ է համացանցում ավելի վտանգավոր երեխաների համար:

-Ամենավտանգավոր տեղերը սոցցանցերն են: Նրանք, կարելի է ասել, սոցցանցերում են ապրում: Մեր ծրագրի աշխատանքի ցուցիչներով 75 տոկոսը ժամանակ է անցկացնում հենց սոցիալական ցանցերում: Իսկ մնացածն այն վայրերն են, որտեղ նրանց կրկին սոցցանցերից են գալիս տարատեսակ հղումներով: Երեխաներն  այնտեղ շփվում են նաև անծանոթների հետ ու ոչ մեկը չի բացատրում, թե ինչու է համացանցում վտանգավոր շփվել անծանոթ մարդկանց հետ: Երեխաները այսպես են կարծում՝ ես համացանցի առաջ եմ, բայց տանը, ինչու է վտանգավոր: Երբ ես երեխաների հետ շփվում եմ, հարցնում եմ՝  ով է համարում, որ վտանգավոր է: Մեծամասնությունը ձեռք է բարձրացնում: Իսկ երբ հարցնում եմ՝ ով կարող է ասել՝ ինչու: 1-2 երեխա է ձեռք բարձրանցում բարձր դասարաններից: Փոքր դասարանների երեխաները ավելի շատ են իմանում: Իրականում նրանց թվարկած ռիսկերը՝ ինձ կսպանեն, կգողանան թվում է՝ ծիծաղելի, բայց ավելի քան իրական են: Երեխաները  մեծ քանակությամբ տեղեկատվություն են տարածում իրենց մասին համացանցում: Ընդ որում՝ այնպիսի տեղեկատվություն, որ եթե դրսում նրանց հարցնես նույն  բանը, չեն պատասխանի երբեք:

-Իսկ խաղե՞րը:

-Խաղերն էլ էն վտանգավոր, քանի որ վերջին շրջանում սոցիալական ցանցի բնույթ են կրում՝ երեխաներն այստեղ շփվում են իրենց վիրտուալ խաղընկերների հետ: Անոնիմ շփումը թույլատրելի է՝ երեխան շփվում են տանկիստ 007-ի հետ, ինքն էլ իր հերթին նիկնեյմով է գրանցված: Բայց նրանք պատմում են իրենց մասին դիմացինին ՝ առանց իմանալու, թե ով է նա: Սոցցանցային հաշիվներին հղումներ են տալիս և այլն՝ պատճառաբանելով, որ արդեն 1 տարի է իր խաղընկերն է, լավագույն ընկերներ են և այլն: Այստեղ կա վտանգ:

 

-Իսկ ի՞նչ է առաջարկում Կասպերսկի լաբորատորիան:

-Մենք ունենք Kaspersky safe kids ծրագիրը, որն, ինչպես անունն է հուշում, մշակված է մանկական անվտանգության համար: Անվտանգության համակարգը արգելում է մուտք դեպի տարատեսակ կայքեր: Ունենք 14 տարբեր կատերգորիայի կայքեր՝ սուր սոցիալական բնույթի կայքեր, սուիցիդիալ կայքեր, պոռնոգրաֆիա և այլն: Կան նաև ավելի թեթև ոլորտներ, որոնք նույնպես կարելի է արգելել՝ էկոնոմիկա, ֆինանսներ և այլն: Բացի այդ մեր առաջարկը կարողանում է ֆիլտրել կայքերը ըստ տարիքային խմբի: Ես միշտ ասում եմ՝ մեր ծրագիրը ծույլ ծնողների համար է, ովքեր գիտեն վնասների մասին, բայց ծուլանում  են երեխայի հետ խոսել դրանց մասին: Իսկ վճարովի տարբերակում նաև ընդգրկել ենք գործառույթ, որը ցույց  է տալիս երեխայի գտնվելու վայրը: Մեզ մոտ նաև սոցցանցերն ենք վերահսկանում, բայց անձնական նամակներ չենք ընթերցում՝ պահպանել ենք անձնական տարածք հասկացությունը: Ծրագիրը միշտ ծնողին տեղյակ է պահում, եթե երեխան  ընկեր է ավելացնում  սոցցանցում:

-Եվ վերջում երեք խորհուրդ ծնողներին, ի՞նչ անել անվտանգության համար:

-Նախ առաջինը՝ երբ մենք երեխային թույլատրում ենք օգտվել սարքերից,  պետք է անմիջապես անվտանգության ծրագիր տեղադրենք նրա գաջեթում: Երկրորդ՝  պետք է երեխաների հետ խոսենք համացանցային անվտանգության մասին: Հետո չէ, այլ այն ժամանակ, երբ երեխան արդեն սկսում է օգտվել ինտերնետի ընձեռած հնարավորությունից: Երրորդ  ու ամենակարևորը՝ պետք է լինեն սահմանած օրենքներ ոչ թե միայն երեխային վերաբերող, այլ՝ ընտանիքին: Պետք է սովորեցնել երեխաներին ապրել առանց գաջեթների: Հասարակ օրինակ՝ ընթիքին չի կարելի օգտագործել սմարթֆոն, պլանշետ և այլն: Բայց, պետք է նաև ծնողը հետևի այս օրենքին, թե չէ անիմաստ կդառնա:

Հարցազրույցը՝ Սյուզան Թոսունյանի