«Կասպերսկի Լաբորատորիա»-ի ներքին վիճակագրության համաձայն՝ ամբողջ աշխարհում օգտատերերն ավելի հաճախ են բախվում այն վնասաբեր ծրագրային ապահովմանը (ԾԱ), որը նախատեսված է բանկային հաշիվներին օնլայն-հասանելիության միջոցով փող գողանալու համար։ Երրորդ եռամսյակի արդյունքներով՝ թվային սարքերում նման վնասաբեր ծրագրերի գործարկման փորձերի քանակը նախորդ երեք ամիսների համեմատ աճել է 41,5%-ով։
Այն մասին, որ ֆինանսական կիբեռսպառնալիքները թափ են հավաքում, վկայում է նաև այն փաստը, որ 2018 թվականի ընթացքում աճում է մոբայլ բանկային տրոյական ծրագրերի քանակը։ Այս պահին դրանց բաժինը բոլոր մոբայլ սպառնալիքներում կազմում է գրեթե 4,5%, ընդ որում՝ տարվա սկզբին այդ ցուցանիշը երեք անգամ փոքր է եղել։ Երրորդ եռամսյակում Android-սարքերի համար նախատեսված բանկային տրոյական ծրագրերի գրոհների ենթարկված օգտատերերի ամենամեծ բաժինը գրանցվել է Ռուսաստանում (օգատերերի 2,18%). փորձագետները դա կապում են Asacub-ի զանգվածային գրոհների հետ, որոնց գագաթնակետը ամառվա վերջին և աշնան սկզբին էր և առավելապես առնչվում էր ռուսալեզու օգտատերերին։ Հայաստանում բանկային տրոյական ծրագրերի գրոհներին բախվել է Android-սարքերի օգտատերերի ընդամենը 0,15%-ը։
Մյուս կողմից, չարագործները դեռևս փորձում են իրենց զոհերի փողերը ձեռք գցել գաղտնագրող ծրագրերի օգնությամբ։ Թեև, «Կասպերսկի Լաբորատորիա»-ի հաշվարկներով, երրորդ եռամսյակում հայտնաբերված գաղտնագրող ծրագրերի տարբերակների քանակը նկատելիորեն փոքր է եղել, քան նախորդ եռամսյակում, նրանց կողմից գրոհի ենթարկված օգտատերերի ընդհանուր քանակն արդյունքում աճել է 39%-ով։ Հատկանշական է, որ սարքերի ավելի քան քառորդ մասում (29%) հայտնաբերվել է տխրահռչակ WannaCry-ը, ինչը խոսում է այն մասին, որ օգտատերերի էական մասն այդպես էլ չի տեղադրել համապատասխան խոցելիությունը փակող թարմացումը, որը թողարկվել է մեկ ու կես տարի առաջ։ Գաղտնագրող ծրագրերով գրոհի ենթարկված օգտատերերի ամենամեծ բաժինը գրանցվել է Բանգլադեշում՝ 5,80%, իսկ Հայաստանում այդ ցուցանիշը կազմել է 0,92%։
«Կիբեռհանցագործների ճնշող մեծամասնությանն առաջ է մղում հարստանալու տարրական մոլուցքը։ Այդ պատճառով էլ մենք նրանց գործիքների շրջանում տեսնում ենք բազմաթիվ տարբեր վնասաբեր ծրագրեր, որոնք այսպես թե այնպես նպատակամղված են ուղիղ գրոհի ենթարկված օգտատերերից փող ստանալուն։ Ընդ որում, չարագործները միշտ հարմարվում են իրենց հնարավոր զոհերի սովորություններին և վարքագծին. դրա մասին վկայում է, մասնավորապես, բանկային տրոյական ծրագրերի քանակի չդադարող աճը։ Օգտատերերը գնալով ավելի ակտիվ են անցնում սմարթֆոնների, և կիբեռհանցագործները շարժվում են նրանց հետևից։ Այնպես որ, ամենայն հավանականությամբ, մոբայլ պլատֆորմների համար ֆինանսական սպառնալիքների աճի տագնապալի դինամիկան մոտ ապագայում միայն թափ է հավաքելու»,- նշել է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի հակավիրուսային փորձագետ Վիկտոր Չեբիշևը։
Ըստ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի գնահատականների՝ երրորդ եռամսյակում աշխարհում միջին հաշվով յուրաքանչյուր հինգերորդ համակարգիչ ենթարկվել է առնվազն մեկ վեբ-գրոհի։ Համակարգիչների փոքր-ինչ ավելի մեծ բաժինը (23%) ենթարկվել է տեղային սպառնալիքների, որոնք տարածվում են ոչ թե համացանցի, այլ հանովի սարքերի, օրինակ, USB-ֆլեշների միջոցով։ Երրորդ եռամսյակում տեղային սպառնալիքների ենթարկված օգտատերերի ամենամեծ բաժինն Ուզբեկստանում է (54,93%), իսկ Հայաստանում դրանց բախվել է օգտատերերի 33,5%-ը։