Նոր նյութը կվերականգնի ոսկրային կոտրվածքները մի քանի օրում

Գիտնականները ներկայացրել են իրենց նոր հայտնագործությունը, որը թույլ է տալիս մի քանի օրվա ընթացքում վերականգնել ոսկրային կոտրվածքները : Այս մասին հաղորդում է Inverse պարբերականը:

Նրանք ստեղծել են նոր գերհատկություններով աերոգել, որը խթանում է ոսկրային նոր հյուսվածքների աճը, և կոտրվածքները վերականգնում ավելի դյուրին ու արագ ճանապարհով: Այն բնական մետաքսից պատրաստված սիլիկաժել է, որի կառուցվածքի շնորհիվ նոր նյութը ստանում է ամրություն և թեթևություն:

Բացի այն, որ նոր աերոգելի օգնությամբ հնարավոր կլինի հեշտությամբ հաղթահարել կոտրվածքները, այն զգալիորեն կհեշտացնի այն մարդկանց կյանքը, որոնց մոտ ախտորոշվել է ոսկրային քաղցկեղ: Սա շատ հազվադեպ, բայց վտանգավոր հիվանդություն է, որի հետևանքով կարող են անդամահատել հիվանդի վերջույթները:

Հայտնի է, որ հայտնագործությունն արդեն փորձարկել են կրծողների վրա:Նրանց ներարկել են աերոգելը և հետևել, թե ոսկրային հյուսվածքն ինչպես է վերականգնվում 25 օրվա ընթացքում: Փորձի արդյունքը ցույց է տվել, որ վերականգնումը մի քանի անգամ ավելի արագ է կատարվել: