Աշխարհը նոր ստարտափ է, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ ստեղծագործելու հնարավորություն ունի. Արմեն Սարգսյան

Իսրայել կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Technion տեխնոլոգիական ինստիտուտ, որը դասվում է աշխարհի առաջատար գիտական եւ տեխնոլոգիական հետազոտական հաստատությունների շարքում։ Այն Իսրայելի հնագույն բուհն է, աշխարհում միակ տեխնոլոգիական ինստիտուտը, որն ունի հարակից բժշկական դպրոց:

Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել ինստիտուտի ղեկավարության, այնուհետեւ՝ հանդիպել ուսանողության հետ: Նա նշել է, որ ինքն առաջին անգամ այս համալսարան է այցելել դեռ անցյալ դարի 90-ականների սկզբին, երբ հետազոտություն էր իրականացնում աստղաֆիզիկայի եւ ձգողականության ոլորտում։

Հայաստանի նախագահը նշել է, որ այսօր երիտասարդների մեծ մասը ցանկանում է ստարտափ ստեղծել, ունենալ տեխնոլոգիական ընկերություն:

«Այս աշխարհը նոր ստարտափ է, եւ յուրաքանչյուր երիտասարդ ստեղծագործելու հնարավորություն ունի: Աշխարհը դառնում է մի վայր, որտեղ նորարարությունը եւ գաղափարն են կարեւորվում։ Նույնիսկ մեծ ընկերությունները մեծ տեղ են հատկացնում նորարարությանը, ստարտափներին։ 21-րդ դարում նորարարությունները եւ նոր գաղափարներն են քաջալերվելու։ Սա նոր աշխարհ է, որը շատ արագ է փոփոխվում։ Մենք փոփոխության խաչմերուկում ենք։ Այդ փոփոխությունը տպավորիչ է եւ հետագայում ավելի դրամատիկ կլինի»,- ասել է նախագահը։

Անդրադառնալով հայաստանյան համալսարանների հետ համագործակցությանը՝ Արմեն Սարգսյանը խոսել է նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության մասին:

«Այն նպատակ ունի համախմբելու միջազգային մեծ ընկերությունների արհեստական բանականության եւ մաթեմատիկական մոդելավորման ոլորտներում, ինչպես նաեւ կամուրջներ ստեղծել հայտնի համալսարանների հետ: Ես կցանկանամ այս հաստատությունը եւս տեսնել մեր գործընկերների ցանկում»,- ընդգծել է Հայաստանի նախագահը: