5 տարում` 2 մլրդ դոլար. Բիլ Գեյթսը կուժեղացնի կլիմայի փոփոխության դեմ պայքարը

Ամերիկացի միլիարդատեր, Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը մտադիր է առաջիկա հինգ տարում մոտ 2 մլրդ դոլար ներդնել կլիմայի փոփոխության դեմ պայքարում: Այս մասին նա հայտնել է գերմանական Handelsblatt թերթին տված հարցազրույցում։

Գեյթսն իր միջոցները նախատեսում է ներդնել ստարտափ ընկերությունում և այլ նախագծերում։ Նրա կարծիքով՝ կլիմայական աղետը պետք է կանխել նորարարական տեխնոլոգիաների օգնությամբ։

«Դա հնարավոր է, բայց շատ դժվար կլինի»,- հայտնել է Microsoft-ի հիմնադիրը:

Միաժամանակ, Գեյթսը կոչ է արել հինգ անգամ ավելացնել գիտական հետազոտություններին հատկացվող գլոբալ պետական ներդրումները՝ հասցնելով տարեկան առնվազն մինչև 110 մլրդ դոլարի: Նրա խոսքով՝ դրանք պետք է ուղղվեն ամբողջ աշխարհում վերականգնվող էներգիայի զարգացմանը և այլ նորարարությունների։

Ավելի վաղ Բիլ Գեյթսը հայտնել էր, որ «Կլիմայի փոփոխության խնդրի համեմատ Covid-ի խնդրի լուծումը շատ ավելի հեշտ է»։

Իր նոր՝ «Ինչպես խուսափել կլիմայական աղետից» գրքում նաև նշել էր, որ կլիմայի փոփոխության խնդրի լուծումը կլինի «մարդկության իրագործած  ամենահրաշալի բանը»։

«Մի՛ թերագնահատեք խնդրի մասշտաբները»,-իր նոր գրքում հորդորում է Գեյթսը՝ կոչ անելով առաջիկա 30 տարիներին անել առավելագույնը՝ կլիմայական աղետից խուսափելու համար։

Tert.am