Հարավկորեական Hyundai ընկերությունը ներկայացրել է Ioniq 5 էլեկտրական քրոսովերի սերիական մոդելը, որը դարձել է Ioniq նորագույն «կանաչ» ապրանքանիշի ներքո թողարկված առաջին մեքենան:
Ինչպես ներկայացնում է Autonews-ը, նորագույն մեքենան կառուցվել է Electric-Global Modular Platform (E-GMP) հարթակի հիման վրա, որը թույլ է տալիս տարբեր չափսերի և տարբեր տեսակի թափք հավաքել նույն հիմքի վրա:
Նշվում է, որ մեքենայի սրահը պատվել է բիոբաղադրիչների՝ շաքարեղեգի, բրդի, պոլիպրոպիլենային մանվածքի և պլաստիկե շշերի վերամշակումից ստացված նյութի օգտագործմամբ պատրաստված կտորով:
Բացի այդ, Ioniq 5-ը դարձել է ապրանքանիշի առաջին մոդելը, որը համալրվել է վիրտուալ իրականության պրոեկցիոն էկրանով, որի շնորհիվ դիմապակին վերածվում է ևս մեկ թվային էկրանի:
Hyundai Ioniq 5-ը կթողարկվի մարտկոցների երկու համալիր տարբերակով՝ 58 և 72,6 կՎտ/ժամ հզորությամբ, ինչպես նաև մեկ կամ երկու շարժիչից կազմված ուժային համակարգով: Առաջատար տարբերակի հզորությունը կհասնի 302 ձիաուժի: 100 կմ/ժամ արագությունը մեքենան զարգացնում է 5,2 վայրկյանում: Առանց վերալիցքավորման մեքենան կարող է անցնել 480 կմ տարածություն:
Նորագույն մոդելի վաճառքը կմեկնարկի 2021 թվականի առաջին կեսին:
Tert.am