Հարավկորեական LG ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է սմարթֆոնների արտադրությունը, որպեսզի կենտրոնանա այլ ոլորտների վրա, փոխանցում է BBC-ն։
«Բջջային հեռախոսների անհավանական մրցակցությունից դուրս գալու LG-ի ռազմավարական որոշումն ընկերությանը թույլ կտա իր ռեսուրսները կենտրոնացնել այլ ոլորտների վրա, ինչպիսիք են՝ էլեկտրական մեքենաների բաղադրիչները, ռոբոտատեխնիկան, արհեստական բանականությունը»,- ասված է ընկերության հայտարարության մեջ:
LG-ն նախատեսում է բջջային հեռախոսների արտադրությունը դադարեցնել հուլիսի 31-ին: Նշվում է, որ LG Electronics-ն իր սմարթֆոնների օգտատերերին որոշակի ժամանակահատվածում կշարունակի ծրագրային ապահովում և թարմացումներ տրամադրել։
«Առաջ շարժվելով՝ LG-ը կշարունակի օգտագործել բջջային հեռախոսների ոլորտում իր փորձը և զարգացնել շարժունակության հետ կապված տեխնոլոգիաները, ինչպիսիք են՝ 6G-ն, որոնք կօգնեն բիզնեսի այլ ոլորտներում ավելի ամրապնդել մրցունակությունը»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
LG Electronics-ը LG Group-ի մի մասն է և հիմնադրվել է 1958 թվականին։ LG Mobile Communications ստորաբաժանումը բջջային հեռախոսներ է սկսել արտադրել դեռ 1990-ական թվականներից։