Երեկ Build 2014 կոնֆերանսի շրջանակում Microsoft-ը ոչ միայն ներկայացրել է իր բջջային ՕՀ-ի՝ Windows Phone-ի նոր 8.1 տարբերակը, այլև ՕՀ-ում ներառված բրենդային էլեկտրոնային ձայնային օգնականին՝ Cortana-ին: Այս նախագիծը մշակվում էր վերջին մի քանի տարիների ընթացքում: Այն կոչված է մրցակցել գոյություն ունեցող լուծումների՝ Siri-ի և Google Now-ի հետ:
Որպես հիմնական որոնողական համակարգ Cortana-ն օգտագործում է Microsoft-ի Bing-ը: Microsoft-ի խոսքով, Cortana-ն ստեղծվել է՝ հիմնվելով իրական մարդ-օգնական հարաբերությունների վրա: Cortana-ն «նոթատետր է», ուր մարդ պահպահում է իրեն անհրաժեշտ ամբողջ ինֆորմացիան՝ սկսած անձնական տվյալներից մինչև հաճախ այցելող վայրեր:
Ինչպես գրում է The Verge տեխնոբլոգը, Cortana-ն որոշ չափով իր հնարավորություններով անգամ գերազանցում է Apple-ի Siri-ին: Օրինակ՝ եթե դուք Siri-ին ասում եք, որ գրանցի նոր հիշեցում, ապա Cortana-ն կարող է հիշեցնել Ձեզ կարևոր թեմա հենց այս կամ այն մարդու հետ զրույցի ժամանակ:
Դե իսկ հիմնական տարբերությունը Siri-ի և Cortana-ի միջև՝ վերջինիս բաց լինելն է: Microsoft-ը թողարկել է հատուկ SDK փաթեթ նախագծողների համար՝ տարբեր ծառայությունների ինտեգրացման համար:
Աղբյուրը՝ theverge.com