ASUS-ի ֆիտնես-ժամացույցի մարտկոցը կբավականացնի 10 օր

ASUS ընկերությունը շուտով կհամալրի խելացի ժամացույցների իր շարքը՝ VivoWatch մոդելով։ Նորույթը նախատեսված է սպորտի սիրահարների համար և թույլ կտա առանց մարտկոցը լիցքավորելու սարքն օգտագործել մոտ 10 օր։

Առայժմ սարքի մասին շատ բան հայտնի չէ։ VivoWatch-ը կունենա չժանգոտվող մետաղից կաղապար, որը պաշտպանված կլինի փոշուց և ջրից։ Ժամացույցը կունենա մի շարք սենսորներ, որոնք կհետևեն սրտի աշխատանքին և քնի փուլերին։ Գաջեթն ապահովում է IP67 ստանդարտը, ինչը նշանակում է, որ այն կարելի է ընկղմել մեկ մետր խորությամբ ջրի մեջ կես ժամ տևողությամբ։

Ամենայն հավանականությամբ, VivoWatch-ը չի աշխատի Android Wear օպերացիոն համակարգով։

ASUS-ի առաջին խելացի ժամացույցը՝ ZenWatch-ը, ներկայացվել է 2014-ին։ Սարքի  մարտկոցը բավականացնում է երկու օր, էկրանը 1,63 դյույմանոց է, ներքին հիշողությունը՝ 4 ԳԲ։ Համեմատած շուկայում առկա այլ մոդելների հետ ժամացույցն ունի բավական մատչելի գին՝ 260 դոլար։ Ինչ վերաբերում է VivoWatch-ին, ապա սպասվում է, որ մոդելը կներկայացվի ապրիլի 14-19-ը Միլանում կայանալիք Դիզայնի միջազգային շաբաթվա շրջանակներում։

Աղբյուրը՝  Engadget