Կարեն Վարդանյան. հայկական ՏՏ ոլորտի աշխատանքները ռազմական բնագավառում շատ քիչ են կիրառվում (հարցազրույց)

Ապրիլի սզկբին ռազմական գործողությունների հետ կապված՝ համացանցում ամեն օր բազմաթիվ քննարկումներ և նյութեր են հայտնվում, որտեղ նշվում է նաև հակառակորդի կողմից կիրառված նորագույն ռազմական տեխնոլոգիաների և մեր բանակի ռազմական հագեցվածության բացերի մասին: ittrend.am-ը զրուցեց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ` իմանալու համար նրա տեսակետը այս ամենի մասին և հասկանալու համար, թե ինչ ապագա է սպասվում ՀՀԶՈՒ և հայկական ՏՏ ոլորտի համագործակցությանը: 

Պարոն Վարդանյան, այսօր հիմնականում խոսելու ենք սահմանային պաշտպանության և անվտանգության պահպանման գործում ՏՏ տեխնոլոգիաների ազդեցության մասին: Մասնավորապես կցանկանայի խոսել դրոնների կամ ԱԹՍ-ների դերի մասին: Ապրիլսկզբյան ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ հակառակորդը լայնորեն կիրառում է ամենաժամանակակից ԱԹՍ-ներ` ամենատարբեր նպատակներով` հետախուզությունից մինչև ինքնաոչնչացում: Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ և ԼՂՀ  ԶՈՒ-երի բարձր տեխնոլոգիաներով հագեցվածությունը, արդյո՞ք մենք հասցնում ենք մեր հակառակորդի հետևից, և բացի դրոններից՝ էլ ի՞նչ տեսակի բարձր տեխնոլոգիական սարքեր են, ըստ Ձեզ, անհրաժեշտ սահմանային անվտանգության ապահովման համար:

– Ռազմաարդյունաբերությունը մեկ օրում չի ստեղծվում: Այո, ճիշտ է՝ մենք այս չորս օրվա ընթացքում դասեր ստացանք, որ հետընթաց ենք ապրել, բայց այդ հետընթացը վերականգնելը տևելու է տարիներ, եթե, իհարկե, կա ցանկություն և քաղաքական կամք. արագ արդյունքների սպասել հնարավոր չէ: Մենք հիվանդին հասցրել ենք մահամերձ վիճակի, իսկ այժմ ուզում ենք ասպիրին տալով բուժել` այդպես չի լինի: Այլ խնդիր է, որ մենք այժմ պետք է արագ լուծումներ գտնենք, մասնավորապես,  հակառակորդի ԱԹՍ-երի հայտնաբերման և ոչնչացման առումով, սակայն լուծումները չեն կարող լինել հիմնարար: Հիմնարար լուծումներ մենք կարող ենք ստանալ երկու-երեք տարվա ընթացքում, բայց այսօր մենք պետք է մեր զինվորին ապահովենք միջոցներով. կամ տակտիկական, կամ տեխնիկական՝ հակառակորդի տեխնիկան հայտնաբերելու և ոչնչացնելու համար: Իսկ այս ամենը ժամանակ է պահանջում:

Դեռևս վերջին ռազմական քայլերթի ժամանակ` 2012-ին, խոսվեց հայկական արտադրության ԱԹՍ-ների մասին, որոնք կոչվում են «Կռունկ»: Դրանք առաջին անգամ ցուցադրվեցին հենց այդ քայլերթի ժամանակ: Գիտեմ, որ դրանք պատկանում են միջին դասի անօդաչուներին, կարող են գտնվել օդում մինչև 5 ժամ, առավելագույն բարձրությունը՝ 5400 մետր, մաքսիմալ արագությունը՝ 150 կմ/ժ: Ի՞նչ կարծիք ունեք դրանց մասին, որովհետև որոշ ռազմական գործիչներ և փորձագետներ նշում են, որ դրանք իրենց բավական լավ են արդարացնում գործողությունների ժամանակ: Ո՞րքան է կազմում մեկ հատի ինքնարժեքը, եթե տեղյակ եք, և արդյո՞ք այսօր սեփական ուժերով հնարավոր է ունենալ ավելի լավ տեխնիկական բնութագրեր ունեցող ԱԹՍ, և մոտավորապես որքա՞ն գումար է անհրաժեշտ դրա նախագծման և կառուցման համար:

– Սարքի արժեքի մասին տեղյակ չեմ, սակայն ասեմ, որ հանրությունը թյուրիմացության մեջ է մտցված: Մեկ տարի առաջ ԱԺ լսումների ժամանակ ՊՆ փոխնախարարը հայտարարեց, որ մեր ԱԹՍ-երը չեն զիջում իսրայելականին և ֆրանսիականին, սակայն այս չորսօրյա պատերազմը ցույց տվեց, որ նմանատիպ հայտարարություններով պարզապես թյուրիմացության մեջ են գցել հանրությանը, ինչպես նաև պատգամավորներին և գեներալներին: Դրա համար նման հայտարարություններ անողները պետք է պատասխան տան, թե ինչու են նրանք մեզ խաբել, քանի որ զինված գործողություններ ցույց տվեցին, որ ոչ միայն չեն զիջում, այլ նույնիսկ, մի քանի տարով հետ են մնում հակառակորդի կիրառած ԱԹՍ-երից: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ ինչ-որ մարդ միտումնավոր իր գործը չի արել և չիմանալով, որ ռազմական գործողությունների ժամանակ իր սուտը բացահայտվելու է,  փորձել է թյուրիմացության մեջ գցել մնացածին: Հիմա պետք է այդ մարդկանց պարզապես պատժել` կոնկրետ պատասխանատվության ենթարկել և պարզաբանումներ պահանջել, թե ինչու էին նրանք մեզ խաբում:

Իսկ ինչ վերաբերում է սեփական ուժերով ավելի լավ տեխնիկական բնութագրեր ունեցող ԱԹՍ-երին, ապա պետք է պարզապես աշխատել այդ ուղղությամբ: Մենք չենք կարող մի քանի օրում իսրայելական արտադրության ԱԹՍ-երի նման սարքեր ունենալ, սակայն կարող ենք ինչ-որ ժամանակավոր հակազդման մեխանիզմներ մշակել, որպեսզի մի քանի տարվա մեջ ունենանք ինքնապաշտպանության ժամանակակից և ադեկվատ միջոցներ:

Պարոն Վարդանյան, այսօր ԱԹՍ-ների շուկան բավական զարգացած է ամբողջ աշխարհով մեկ: ԱՄՆ-ում և Դուբայում նույնիսկ անցկացվում են մրցաշարեր, որտեղ ցուցադրվում են ամենատարբեր տեսակի ԱԹՍ-ներ: ԱԹՍ կարող է ձեռք բերել յուրաքանչյուր անհատ` դրանք ազատ վաճառքի մեջ են: Բելգիայի ոստիկանությունը, Սինգապուրի ծովային ոստիկանությունը և ևս մի շարք այլ երկրներ փորձում են կիրառել դրանք ամենօրյա ծառայության ընթացքում և բազմաթիվ այլ նպատակներով, դրանցով նույնիսկ ծանրոցներ են տեղափոխում և այլն: Այսօր Հայաստանում կարելի է գնել այլ երկրներում արտադրված ԱԹՍ-ներ, դրանք տարբեր գների են, բավականին արագ են և լավ որակի: Ամեն տարի տարբեր ստարտափերի կողմից ներկայացվում են դրոնների նորանոր կոնցեպտներ, որոնք հաջողում են ներդրումների գրավման հարցում: Իրականում դրանք այդքան էլ բարդ չի պատրաստել, ի՞նչ է, Հայաստանի գիտական հանրությունը, և ՀՀ ԶՈՒ-երը չունե՞ն այդ ներուժը՝ ավելի ժամանակակից և տարբեր նպատակների համար ծառայող ԱԹՍ-ներ նախագծելու և արտադրելու համար:

– Գիտեք, իրականում մի բան է քաղաքացիական նպատակներով դրոն արտադրելը և լիովին այլ բան է ունենալ ռազմական նշանակության դրոններ: Սա պետք է հստակ գիտակցվի, որպեսզի մենք թյուրիմացության մեջ չհայտնվենք: Ռազմական տեխնիկան ունի իր օրենքները, այսինքն՝ այն պետք է պաշտպանված լինի ռադիոալիքներից ազդեցությունից, պետք է կարողանա ինքնուրույն կողմնորոշվել տարածության մեջ` անկախ GPS սարքի հաղորդած տվյալներից, որովհետև, եթե հակառակորդը կարողանա անջատել GPS կապը, ապա սարքը կարելի է համարել կորցրած: Նման բան տեղի ունեցավ այս չորս օրերի ընթացքում: Այս իսկ պատճառով պետք է այս ամենին լուրջ մոտենալ: Այժմ մենք ոլորտի մասնագետների հետ մի կառույց ենք ստեղծում, որը քննարկելու է այս բոլոր հարցերը և առաջարկներ ու նախատիպեր է ստեղծելու և առաջարկելու ՊՆ-ին, որպեսզի այդ լուծումները կիրառում ստանան: Միավորվում են հազարավոր տեխնոլոգիական մասնագետներ, որոնք ցանկանում են աշխատել՝ Հայաստանի ռազմական պաշտպանությունը բարելավելու համար:

Մի քանի օր առաջ Դուք հարցազրույցներից մեկում նշեցիք, որ եղել են կոնկրետ անհատներ, ովքեր խոչընդոտել են ՀՀ ԶՈՒ-երի և Հայաստանի ՏՏ ոլորտի առաջատարների համագործակցությանը: Այժմ` Ձեր այդ հայտարարությունից հետո, կա՞ արդյոք որևէ տեղաշարժ, թե դրա մասին դեռ վաղ է խոսել: Ի՞նչ նոր բան է փորձում ՏՏ ոլորտն առաջարկել ՊՆ-ին, ի՞նչ խնդիրներ կան համագործակցության համար, և ընդհանրապես Հայաստանում ինչպե՞ս է պետությունը աջակցում ՏՏ ոլորտի զարգացմանը, և ի՞նչ կիրառում են գտնում հայրենական մշակումները պետական հաստատություններում և օղակներում:

– Արձագանքի մասին խոսելու համար շուտ չէ, բայց դեռևս ոչ մի արձագանք չկա: Արձագանք պետք է լիներ հաջորդ իսկ առավոտը, երբ ինձ պետք է ձերբակալեին և հարցնեին, թե ինչու եմ ես հերյուրանքներ տարածում որոշ պաշտոնյաների մասին: Եվ քանի որ ինձ ոչ ոք չի ձերբակալել, ապա դա նշանակում է, որ այդ պաշտոնյաները հովանավորության տակ են և ինձ էլ չեն բռնում, որ պարզապես աղմուկ չբարձրանա: Այժմ պետք է մեր պատկան մարմինները գնան և ստուգեն այդ պաշտոնյաներին և հասկանան, թե ինչու են նրանք այդքան տարի սաբոտաժի ենթարկել մեր ռազմական ոլորտը:

Ինչ վերաբերում է պետության կողմից մեր մշակումների կիրառելիությանը` շատ վատ են կիրառվում և քիչ: Հուսով եմ, որ կկարողանանք այդ հարցը լուծել: Հայաստանի ներսում ՏՏ ոլորտի աշխատանքները շատ քիչ են կիրառվում և´ կառավարման բնագավառում, և´ ռազմական բնագավառում: Այս իրավիճակը պարզապես չպետք է այսպես շարունակվի:

Համագործակցության խնդիրը, բխում է հիմնականում կառավարության կողմից: Մենք ունենք երկու կոնսորցիում` էլեկտրոնային կառավարման, որտեղ ներգրավված են ընկերություններ, որոնք էլեկտրոնային կառավարման ոլորտում լուծումներ են առաջարկում և պետությունը կարող է կիրառել այդ լուծումները, իսկ կիրառում են, որպես կանոն, այլ երկրները, իսկ մյուս կոնսորցիումը ռազմական ոլորտին է վերաբերում: Ինչպես արդեն նշեցի` մենք ստեղծել ենք նման կառույց և դիմել ենք կառավարությանը, որպեսզի մեզ հատկացնեն երկու պատասխանատու` մեկը ռազմարդյունաբերական ոլորտի գծով, որը պետք է ապահովի մեր կապը ԶՈՒ-ի կառույցների հետ և մյուսը` պետք է լինի որևէ մի հրամանատար, որը պետք է օգնի մեզ մեր լուծումները փորձարկելու հարցում և ապահովի մեր համագործակցությունը ԶՈՒ-ի ստորաբաժանումների հետ, օրինակ` հետախուզության, ռադիոէլեկտրոնային պայքարի և այլն:

Բացի ԱԹՍ-ներից, ի՞նչ է այսօր առաջարկում հայկական ՏՏ ոլորտը ՀՀ ԶՈՒ-ին: Ի՞նչ տեխնոլոգիաներ կան, ո՞րն է դրանց դերակատարությունը ռազմի դաշտում և որքա՞ն ժամանակ է հարկավոր մեր ԶՈւ-ին, որպեսզի նրանք գերազանցեն հակառակորդին ժամանակակից սպառազինության մրցավազքում և նոր հակակշիռ ձևավորվի այդ ոլորտում:

– Շատ խնդիրներ կան, որոնց պետք է լուծում տրվի: Անհրաժեշտ են սեփական տեղորոշման համակարգեր, ռադիոտիրույթը ծածկելու համակարգ, սեփական հարձակվողական միջոցները բարելավել, էլեկտրակառավարվող ինժեներական սարքավորումներ, հեռակառավարվող կրակակետեր և այլն: Այս ամենի ուղղությամբ պետք է շատ լուրջ աշխատել, և աշխատանքները պետք է լինեն երկարատև, քանի որ լավ արդյունքի հասնելը մի քանի օրվա բան չէ:

-Արդյոք Հայաստանը համագործակցում է որևէ այլ երկրի հետ` ռազմական արդյունաբերության և ՏՏ ոլորտներում: Կա փորձի փոխանակում, մասնագետների փոխանակում, միացյալ մշակումներ և այլն:

-Ոչ, մեր ընկերությունները և մասնագետները աշխատում են այլ երկրների ռազմական պրոեկտների վրա, սակայն մենք չենք կարող դրանք կիրառել մեր երկրում, քանի որ սեփականության իրավունքը պատկանում է այլ երկրներին, սակայն մասնագիտական կարողություն մենք ունենք և կարող ենք այդ ամենը անել նաև մեր երկրի համար:

Զրուցեց Ալբերտ Աբրահամյանը