Դիջիթեք էքսպո 2016. Gugas-ի թիմը գործարկել է Bookoholics հավելվածը

Դիջիթեք էքսպո 2016. Gugas-ի թիմը գործարկել է Bookoholics հավելվածը

Դիջիթեք էքսպո 2016 ցուցահանդեսին Gugas հավելվածը մշակող թիմը ներկայացրեց իր նոր նախագիծը` Bookoholics հավելվածը, որը նախատեսված է ընթերցասերների համար: Օգտագործողները կարող են հավելվածում նշել իրենց նախընտրած գրքերը և նշել, թե ինչ գիրք են կարդում տվյալ պահին: Bookoholics սոցցանցն ունի նաև մոտակա տարածքում նման նախասիրություններով ընթերցասերներին գտնելու հնարավորություն: «Այս ֆունկցիայի միջոցով հնարավոր է դառնում հանդիպել իրական մարդկանց ու նրանց հետ գրքեր փոխանակել»,- ittrend.am-ի հետ զրույցում ասաց ստարտափի համահիմնադիր Կառլեն Մանասերյանը:

Հավելվածն առայժմ գտնվում է բետա-տեստավորման փուլում, իսկ հոկտեմբերին կթողարկվի Bookoholics-ի վերջնական տարբերակը, ինչպես նաև պատրաստ կլինի iOS տարբերակը: Հավելվածի ներսում նախատեսված չէ գրքեր կարդալու հնարավորություն:

Bookoholics-ը ձեր նախընտրած գրքերի հիման վրա նոր գրքեր, որոնք կարող են ձեզ հետաքրքրել: Կառլենի խոսքով` շուտով հավելվածը կօգնի գտնել հետաքրքրող գիրքը առցանց տարբերակով կամ կհուշի մոտակա հասցեն, որտեղից կարելի է գնել այն կամ ընթերցել գրադարանում:

Սկզբնական շրջանում հավելվածը հասանելի կլինի միայն Հայաստանում, սակայն թիմի անդամները նախատեսում են որոշ ժամանակ անց Bookoholics-ը հասանելի դարձնել նաև այլ երկրներում:

Հիշեցնենք, որ ցուցահանդեսը կազմակերպել էր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ)՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո, իսկ պլատինե հովանավորն էր Ucom կապի միասնական օպերատորը: