Վահան Մարտիրոսյանը ԱՄԷ-ում մասնակցում է Seaside Startup Summit 2018–ին

Վահան Մարտիրոսյանը ԱՄԷ-ում մասնակցում է Seaside Startup Summit 2018–ին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ԱՄԷ-ում մասնակցում է Seaside Startup Summit 2018 կրթական բիզնես համաժողովին: Այն անցկացվում է ԱՄԷ գերագույն խորհրդի անդամ, Ռաս ալ Խայմայի ղեկավար, Նորին Մեծություն Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմի բարձր հովանու ներքո:

Համաժողովի աշխատանքներին մասնակցում են տարբեր երկրների 2000-ից ավելի ներկայացուցիչներ՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարարներ, ներդրողներ, սթարթափների ներկայացուցիչներ, վենչուրային ընկերություններ, փորձագետներ։ Համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել նաև նախարար Վահան Մարտիրոսյանը:

Սամմիթի հիմնական նպատակը ստարտափների, գործարարների, ներդրողների հանդիպման, փորձի փոխանակման, փոխշահավետ համագործակցության հնարավորությունների համար նոր հարթակ ստեղծելն է։

Համաժողովի ընթացքում ելույթներով հանդես են եկել արդեն իսկ հաջողության հասած սթարթափներ։ Նրանք կիսվել են իրենց փորձով ու գիտելիքներով, ներկայացրել հաջողության հասնելու իրենց գրավականները: Տարբեր երկրներից հրավիրված ոլորտի փորձառու մասնագետներն էլ ստարտափների համար հատուկ աշխատաժողովներ ու դասընթացներ են անցկացրել։

Նշենք, որ Միացյալ Էմիրություններում` Ռաս ալ Խայմայում փետրվարի 8–ին մեկնարկել է առաջին Seaside Startup Summit-ը, որն անցկացվում է Ալ-Մարջան կղզում մինչև փետրվարի 12–ը։ Միջոցառման կազմակերպիչն է Startup Armenia հիմնադրամը «RAK Incubation and Accelerator»-ի հետ` հոկտեբերին ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն։