Արմաթի սաները կմասնակցեն «Կրթություն և կարիերա Expo 2018» ցուցահանդեսին

Արմաթի սաները կմասնակցեն «Կրթություն և կարիերա Expo 2018» ցուցահանդեսին

Տեխնոլոգիական ժամանակակից կրթությունը վաղուց արդեն հանրության ուշադրության կենտրոնում է և յուրաքանչյուր ծնող, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաներով հետաքրքրով պատանի՝ հնարավորություն է փնտրում, որպեսզի արժեքավոր գիտելիք ստանա և ապրի ժամանակակից աշխարհի ռիթմին համընթաց:

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաները, որոնք տարիներ շարունակ հազարավոր դպրոցականների են կրթում ու «ուղեկցում» ՏՏ ոլորտ, ապրիլի 11-13-ը մասնակցելու են «Կրթություն և կարիերա Expo 2018» ցուցահանդեսին, որը տեղի կունենա «Yerevan Expo» ցուցահանդեսային համալիրում (Մերգելյան ինստիտուտի տարածք):

«Արմաթ» լաբորատորիաները անվճար են և գործում են Հայաստանի և Արցախի 220-ից ավելի դպրոցներում: Այստեղ նրանք սովորում են ռոբոտաշինության, ծրագրավորման և ռազմական կրթության տարրեր: Այս ցուցահանդեսի շրջանակում «Արմաթ» տաղավարում կներկայացվեն դպրոցականների կողմից պատրաստված ռոբոտները, դրոնները, եռաչափ տպիչով տպագրված իրերը և այլն:

«Արմաթը» իր սաների համար բիզնես դպրոցի դեր է կատարում: Նրանք այստեղ ոչ միայն ինժեներական գիտելիք են ստանում, այլ նաև մասնակցում մի շարք հանրային և գործարար միջոցառումների, մրցումների, ճամբարների, ընդլայնում են իրենց մասնագիտական կապերն ու ամենից հաճախ՝ գործնական հարաբերություններ ստեղծում կամ աշխատանքի անցնում ՏՏ ոլորտի ընկերություններում: