Ֆուտբոլային կրքեր հայկական ՏՏ-ում. IT cup 2018

Ֆուտբոլային կրքեր հայկական ՏՏ-ում. IT cup 2018

Արդեն շուրջ 12 տարի հայկական ՏՏ ընկերութունները գարնանը հավաքվում ու բացի հեղափոխական այթի գաղափարներ փոխանակելուց ու դրանք կյանքի կոչելուց զատ նաև ուժերն են փորձում մեկ այլ` ֆուտբոլային դաշտում։

Մարտ ամսին մեկնարկած IT cup 2018–ի ֆավորիտներին պարզելու և առաջնության հիմքերի մասին իմանալու համար ittrend.am–ը մասնակցեց երեկ տեղի ունեցած 1/8 եզրափակչին և զրուցեց IT Cup–ի հիմնադիրներից Արմեն Մարությանի հետ։

–Ե՞րբ և ինչպե՞ս է առաջացել գաղափարը IT ոլորտի համար մարզական մրցաշար ստեղծել։ 

–Գաղափարը առաջացել է, որովհետև դեռ 2006–2007 թվականներին կային ՏՏ ընկերություններ, որոնք ունեին մարզական միջոցառումներ։ Ընկերության աշխատողները միասին են խաղում ու առաջացավ գաղափար, ինչու` ոչ ունենալ առաջնություն, որ ՏՏ ընկերությունները իրար դեմ մրցեն։ Սա նոր ծանոթություններ է ստեղծում, որը շատ լավ է։ Բացի առողջ ապրելակերպը նաև նպաստում է հետաքրքիր ու ընդհանուր գաղափարների առաջացմանը։ Ու այդպես 2007 թվականին տեղի ունեցավ առաջին առաջնությունը, որը այն ժամանակ մի դահլիճում չէր։ Տեղից տեղ էինք տեղափոխվում` նայած ով` որ սպորտդահլիճում ժամեր ուներ։ Անդրանիկ առաջնությունը 8 թիմով է եղել։ Հեղինակներից մեկը ու կարելի է ասել մտքի հեղինակը Արմեն Թադևոսյանն է, որն այլևս Հայաստանում չի բնակվում։ Արդեն 12 տարի IT Cup–ը մեծ մասսայականություն է վայելում ու ամեն գարուն սկսվում է այս առաջնությունով։  Շուրջ 27 ընկերությունից 30–ից ավել թիմ է մասնակցում ամեն տարի։

–27 ընկերություն, 30 թիմ, նշանակում է մեկ ընկերությունից կարող են մի քանի թիմ մասնակցել։

–Մի ընկերությունից  կարող է մասնակցել այնքան թիմ, ինչքան իրենք են ուզում` ինչքան «ֆուտբոլիստ» ունեն։ Օրինակ` այս տարի Synopsys Armenia–ի համար ռեկորդային տարի էր` 6 թիմով է մասնակցում։ Մնացածն էլ` WorkFront-ը, Picsart-ը և մի քանի այլ ընկերություններ երկուական թիմերով են ներկայացել։ Սահմանափակումներ չկան, կախված է աշխատողների քանակից և այն մարդկան քանակից, որոնք հետաքրքրվում են ֆուտբոլով։

–Ինչպիսի՞ն են կանոնները, պահպանվում են, թե որոշակի վերապահում կա այդ հարցում։

–Ֆուտզալն իր կանոնները ունի, որը մենք  մեծ հաշվով պահպանել ենք, բայց ավելի թեթև ենք վերաբերում կանոններին` պրոֆեսիոնալներ չենք ու շատ դժվար կլինի այդպես խաղալ։ Առավելագույնս հարմարեցրել ենք մեզ։ Իհարկե, մրցավարները հետևում են խաղին, բայց նախորոք պայմանավորված է, որ այս ու այդ կանոնները չեն գործելու։

–Օրինակ` որո՞նք։

–Օրինակ` դարպասապահին հետ փոխանցում կարելի է անել կենտրոնական գիծը անցնելուց հետո, դա բարդ է այստեղ կիրառել։ Դրա համար չենք ներառել այդ կանոնը։ Օրինակ` մեզ մոտ իսկական ֆուտբոլային անցուդարձ կա։ Ընկերություններ կան, որ էլ չեն խաղում, բայց իրենց նախկին թիմակիցները հայտավորվում են մյուս թիմերում որպես` լեգիոներ, ու այդպես խաղում։

–Խոսենք ֆավորիտների մասին։ Ո՞ր թիմերն են։

–Այս տարվա ֆավորիտները ինչպես այս վերջին 3–4 տարին Smarthex և  Optym ընկերությունների թիմերն են։ Մյուս ֆավորիտներից երկուսը, ցավոք, դուրս են մղվել պայքարից։ Դրանք Synopsys SG թիմն է, որը անցյալ տարիների չեմպիոններից է և դուրս է մղվել անցհալ տարվա չեմպիոնը` Synopsys united–ը։

–Իսկ նախկին չեմպիոնները որ ընկերության թիմերն են եղել։

–Հիմնականում Synopsys–ի թիմերն են ուժեղ լինում։ Smathex ընկերության թիմը հենց առաջին տարվանից միշտ ուժեղ է եղել։ Optym ընկերության թիմն էլ է շատ ուժեղ։ Հայտնություններ դեռ շատ չկան։ Ինձ թվում է 1/8 փուլից հետո պարզ կլինի։

–Իսկ պարգևատրման արարողություն լինո՞ւմ է։

–Իհարկե, այո։ Ե՛վ մեդալներ, և՛ պատվոգրեր ու նվերներ, գավաթ, որը փոխանցիկ չէ, բայց միտք ունենք փոխանցիկ գավաթ էլ ունենալ անպայման։

–Չնայած տղամարդիկ շատ են, բայց IT–ում կանայք էլ կան։ Կա՞ն ֆուտբոլով հետաքրքրվողներ, թե սա բացառապես տղամարդկանց համար է։

–Օրինակ Fimetech ընկերության թիմը նորարարություն արեց` իրենց հայտացուցակում աղջիկ էլ կար։ Ճիշտ է` տեխնիկական պատճառներով չխաղաց` երկրում չէր, վտանգավոր մրցակիցների հետ խաղ ունեին, չղախաց։ Առաջին քայլը կատարվել է կարելի է ասել։ Իսկ աղջիկներից, մանավանդ It ոլորտում ֆուտբոլով հետաքրքրվողներ դեռ չեմ հանդիպել։ Եթե լինեն, գուցե զարգացնենք այդ գաղափարը։

 

Սյուզան Թոսունայն