Ժամանակակից ֆիզիկայի հայրը. Ալբերտ Էյնշտեյն

Ժամանակակից ֆիզիկայի հայրը. Ալբերտ Էյնշտեյն

Ֆիզիկոս-տեսաբան, հարաբերականության տեսության հիմնադիր, քվանտային թեորիայի հեղինակ   Ալբերտ Էյնշտեյնը  ծնվել է 1879 թվականին Գերմանիայի՝ Ուլմ քաղաքում, հրեաների ընտանիքում։   Ծննդավայրի հետ, սակայն, նա առանձնակի կապ  չուներ: Դեռևս 1893 թվականին, նրանց ընտանիքը տեղափոխվեց  Շվեցարիա, որտեղից էլ` հետագայում՝ 1933 թվականին մշտական բնակության  մեկնեց  Միացյալ նահանգներ։

Մանկություն և դպրոցական տարիներ

Ծնվել է գործարարի ընտանիքում: Ապագա գիտնականի հայրը մշտապես զբաղված էր տարատեսակ գործերով և գրեթե ժամանակ չէր գտնում որդու դաստիարակության համար: Փոխարենն այդ պատասխանատու գործով զբաղվում էր հորեղբայրը՝ Յակոբ Էյնշտեյնը, որն իր  ժամանակի զգալի մասը նվիրում էր պատանի Ալբերտին։ Եվ հենց նա էլ` դեռ նախադպրոցական տարիքից  Էնշտեյնին  ծանոթացրեց  երկրաչափության գաղտնիքներին։ Հորեղբայրը, հաճախ էր  նրա համար բարդ մաթեմատիկական խնդիրներ մտածում և պարզապես ցնծում էր, երբ փոքրիկն արագ-արագ  գտնում էր դրանց պատասխանները։

Սկզբում նրան ընդենեցին  կաթոլիկ  դպրոց, բայց կարճ ժամանակ անց տեղափոխվեց Լուիթփոլդի ուսումնարան, որը բազմաթիվ տեղափոխությունների պատճառով`այդպես էլ չավարտեց։ Դպրոցում և ուսումնարանում Էյնշտեյնից դժգոհ էին, անգամ  վերապահորեն էին խոսում տղայի  ունակությունների մասին որոշ առարկաներ, նա ուղղակի չէր սովորում, և բացի այդ    անհասկանալի վարք ուներ:  Այդ ամենը, սակայն, չէր վերաբերում բնական գիտություններին։ Էյնշտեյնն ամբողջությամբ սուզվել էր  գրականության աշխարհն ու ինչպես գրել է հետագայում ` «ֆանտաստիկ ազատամտության» դասեր առավ այդ գրքերից:

Ալբերտի ազատատենչության մասին բազմիցս գրել են նաև դպրոցական և ուսանողական ընկերները: Իրենց հուշերում, նրանք պատմում էին, որ  ի տարբերություն հասակակից տղաների, նա չէր սիրում զինվորական խաղերը։  

Չնայած, Էյնշտեյնի գիտական գաղափարները հետագայում օգտագործվեցին ատոմային զենքի ստեղծման նպատակներով՝ ինքը՝ գիտնականը, դեմ էր դրա ստեղծմանը: Նա խաղաղության կողմնակից էր։ Հիշենք Էյնշտեյնի հայտնի աֆորիզմները ատոմային զենքի սպառնալիքների մասին:

«Մենք շահեցինք պատերազմ և ոչ թե խաղաղություն»

Կամ հայտնիներից այս մեկը`

«Եթե երրորդ համաշխարհային պատերազմն ընթանա ատոմային զենքի միջոցով, ապա չորրորդը կլինի փայտերի ու քարերի միջոցով»:                                                     

Համալսարանական տարիները

Այդպես էլ, ուսումնարանի վկայագիր չստանալով, Էյշնտեյնը որոշեց ընդունվել Շվեցարիայի Պոլիտեխնիկական համալսարան, որտեղ թույլատրվում էր ընդունելություն` առանց միջնակարգ կրթության: Փայլուն հանձնելով մաթեմատիկան, ֆիզիկան ու քիմիան, նա  ձախողեց հումանիտար առարկաների քնությունները:  Նկատելով երիտասարդի փայլուն ընդունակությունները, համալսարանի ռեկտորը  որոշեց  ընդունել նրան, բայց 1 պայմանով՝  հումանիտար գիտելիք ձեռք բերելու համար, նա պարտավոր էր հաճախել  նախապատրաստական դասընթացների: 1 տարի անց, Էյնշտեյնը Ցյուրիխի պոլիտեխնիկական համալսարանի ուսանող էր։

Համալսարանական տարիներն ու առաջին գիտական փորձերը

Երկրորդ անգամ, Էյնշտեյնն ընդունելության քննություններն ավելի լավ հանձնեց, բացառությամբ ֆրանսերենի։ Բայց ինչպես դպրոցում, այնպես էլ այստեղ, նա կրկին հայտնվեց խնդիրների հորձանուտում: Ֆիզիկայի ամբիոնի գիտնականներից մեկը` Վեբերն սկզբում  լավ էր վերաբերվում ուսանող Ալբերտին: Բայց շուտով նրանց մեջ ակնհայտ հակամարտություն սկսվեց և անգամ բուհն ավարտելուց հետո, Վեբերի ջանքերի «շնորհիվ» , Էյնշտեյնը դեռ երկար` աշխատանք չէր կարողանում գտնել: Իսկ հակամարտության հիմնական պատճառը, «հնի ու նորի» բախումն էր։  Էյնշտեյնը համոզված էր, որ Վեբերի  դասախոսությունները հնացած են: Մինչդեռ գիտությունը զարգանում էր և նոր հորիզոններ էին բացվել ուսումնասիրելու համար, թեկուզ ուսանողների հետ` լսարանում:

Շատ դժվարությամբ, բայց, այնուամենայնիվ, Ալբերտն ավարտեց Պոլիտեխնիկական համալսարանը` ֆիզիկայի ուսուցչի որոկավորմամբ։

1902 թվականին, երկար փնտրտուքներից հետո, գիտնականին հաջողվեց  աշխատանք գտնել: Նա, որպես փորձագետ,  աշխատում էր  Բարնի դաշնային արտոնագրության բյուրոյում, և զբաղվում էր հայտնագործությունների   գնահատմամբ։  Հենց այստեղ  աշխատելու 7 տարիների ընթացքում էլ  գրեց իր գիտական հոդվածներն ու աշխատությունները, որոնք շրջադարձային եղան ֆիզիկայի և բարձրագույն մաթեմատիկայի բնագավառներում։

Այդ տարիներին Էնշտեյնը հրատարակել է ավելի քան 300 գիտական հոդված և 150-ից ավելի   աշխատություն։

1902 թվականին բեռլինյան «Ֆիզիկայի տարեգրքեր» ամսագիրը հրատարակեց նրա առաջին հոդվածը՝ «Մազականության տեսության հետևանքները», որտեղ գիտնականը վերլուծում էր հեղուկների ատոմների ձգողականության ուժը՝ հիմնվելով մազականության տեսության վրա։

Սա գիտական    գործնեության սկիզբն էր։  Հենց այս տարիներին հայտնագործեց հանրահայտ զանգված-էներգիա համարժեքության բանաձևը՝ E = mc2, որը երկու անգամ համարվել է «աշխարհի ամենահայտնի հավասարումը»։

1905 թվականին,  26 տարեկանում, Էյշնտեյնի գիտական համբավն արդեն տարածվել էր ամբողջ աշխարհում։  Գիտական շրջանակներում և այլուր քննարկվում էին նրա հոդվածներն ու աշխատությունները։ 1909-ին նա Ցյուրիխի համալսարանի պրոֆեսոր էր, իսկ երկու տարի անց՝ 1911 թվականին հրավիրվեց Պրահայի գերմանական համալսարան։ 1914 թվականին Էյշտեյնը մեկ այլ հրավեր ստացավ՝ շատ պատվավոր. առաջարկում էին ստանձնել Բեռլինի ֆիզիկայի համալսարանի ռեկտորի պաշտոնը, որին նա համաձայնվեց և 1914-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրյակին կրկին հաստատվեց  իր ծննդավայրում։

Այստեղ էլ Էյնշտեյնն իր համալսարանական ընկերոջ՝ Գրոսմանի հետ գրեց «Հավանականության տեսության մոտավոր պատկերացումը» գիտական հոդվածը, որի առաջ քաշած թեորիան համատեղ ջանքերով ապացուցվեց 1915 թվականին։

Շատ գիտնականների կարծիքով հարաբերականության տեսության թեորեմը ամենգեղեցիկ կառուցվածքն ունի ֆիզիկայի պատմության մեջ: Հիմնվելով բոլորիս հայտնի փաստի վրա՝ որ ծանր և իներտ մասսաները հավասար են, Էյնշտեյնը գտավ խնդրի նոր լուծում՝ ժամանակի տարածությունը։ Ըստ Էյշտեյնի թեորեմի յուրաքանչյուր մարմնի շուրջ ժամանակը փոխում է իր երկրաչափական հատկությունները։  Նման լուծումը անսպասելի էր ֆիզիկոսների համար։ Էյնշտեյնի թեորեմը թույլ տվեց նոր բացահայտումներ անել նաև  Տիեզերքում։

1921 թվականին «տեսական ֆիզիկայում իր ավանդի և հատկապես   ֆոտոէֆեկտի օրենքի բացահայտման համար» նա  արժանացավ Նոբելյան մրցանակի:

Էյշտեյնի ուսումնասիրությունների առանցքը մեծ էր՝ ֆիզիկայի բացահայտված և չբացահայտված երևույթների ուսումնասիրությունից մինչև վիճակագրական մեխանիկա, քվանտային տեսություն, լույսի ջերմային հատկություններ և այլն։

Արտագաղթն ու կյանքի վերջին տարիները

Թեև Բեռլինում Ալբերտ Էյնշտեյնը շփվում էր այն ժամանակի ազդեցիկ գիտնականների հետ, բայց Գերմանիայի  քաղաքական  անկայուն վիճակը նրան ստիպեց  վերադառնալ Միացյալ նահանգներ։ Նա դեմ էր պատերազմներին և բռնություններին, դեմ էր նաև Հիտլերի վարած քաղաքականությանը։ Բազմիցս հանդես գալով հակաֆաշիստական ելույթներով և տեսնելով իր անզորությունն օր օրի ուժգնացող պատերազմի դեմ՝ հրաժարվեց Գերմանիայի քաղաքացիությունից, լքեց նաև Բավարիայի գիտությունների ակադեմիան։

Միացյալ նահանգներում Էյնշտեյնը դասավանդում էր Պրինսթոնի համալսարանում և   ակտիվորեն զբաղվում էր գիտությամբ։ Այս ժամանակհատվածում մի շարք հայտնագործություններ արեց լազերային ֆիզիկայի  և քվանտային մեխանիկայի բնագավառներում:

Փրինսթոնում` մեծ գիտնականին, ազգային արժեք էին համարում։ Չնայած հանրաճանաչությանը, նա համեստ մարդ էր, բարյացկամ և  մեծերին  հատուկ վարքագիծ ուներ` էքսցենտրիկ էր։ Նրան հաճախ կարելի էր հանդիպել փողոցում` միայնակ զբոսնելիս։ Ջութակի նկատմամբ սերը հանճարին ուղեկցեց ամբողջ կյանքում, հատկապես վերջին տարիներին, երբ  միայնակ էր և տառապում էր անքնությամբ:  Անքնության հետ կապված խնդիրներն ակնհայտորեն  ազդել  էին նաև  վարքի վրա՝ հասարակական վայրերում հայտնվում էր տարօրինակ հագ ու կապով`  չհետևելով կենցաղի տարրական կանոններին: Ոմանք փսփսում էին նրա թիկունքում ու  հոգեկան հիվանդություններ վերագրում գիտնականին։

1955 թվականին Էյնշտեյնի առողջությունը կտրուկ վատացավ։ Նա գրեց կտակն ու   ընկերներին ասաց. «Ես կատարեցի իմ առաքելությունն այս աշխարհում»։ Իսկ նրա վերջին աշխատությունը՝ միջուկային պատերազմը կանխարգելելուն ուղղված, անավարտ կոչն էր։

Սյուզան Թոսունյան