Ճապոնիայի կիբեռանվտանգության հարցերով նախարարը խոստովանել է, որ համակարգչով աշխատել չգիտի

Ճապոնիայի կիբեռանվտանգության հարցերով նախարար Յոսիտակա Սակուրադան խորհրդարանի ստորին պալատում քննարկման ժամանակ խոստովանել է, որ անձնական համակարգչից օգտվելու ձևը չգիտի: Ինչպես նշում է tass.ru-ն, այդ հանգամանքը զարմացրել է հատկապես ընդդիմության ներկայացուցիչներին:

«Անհնար է հավատալ նրան, որ հենց այս մարդուն են վստահել այնպիսի գործ, ինչպիսին կիբեռանվտանգությունն է»,-ասել է ընդդիմադիր խորհրդարանականներից մեկը:

Դրան ի պատասխան Սակուրադան ասել է, որ երիտասարդ տարիքից քրտնաջան աշխատել է, խիստ զբաղված է եղել ու հնարավորություն չի ունեցել համակարգչի հետ աշխատելու հմտություններին տիրապետելու:

«Իսկ հետո ինձ մոտ աշխատանքային առաջխաղացում եղավ ու ինքս սկսեցի ցուցումներ տալ աշխատողներին ու քարտուղարներին: Ուստի՝ համակարգչի ստեղնաշարին չխչխկացնելու կարիք չունեմ»,-հպարտությամբ ասել է նախարարը:

Բայց երբ Սակուրադային հարցեր են տվել ատոմային էլեկտրակայանները կիբեռահաբեկչությունից պաշտպանելու վերաբերյալ, նախարարը ստիպված է եղել խոստովանել, որ այդ թեմայի մանրամասներին չի տիրապետում: Ընդդիմությունը մտադիր է պահանջել նրա հրաժարականը: