Ucom-ը կապահովի ինտերնետի անվտանգ օգտագործումը դպրոցներում

Փետրվարի 21-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ու Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը փոխըմբըռնման հուշագիր են ստորագրել։ Կողմերը կգործակցեն հանրակրթական դպրոցների համակարգիչների համար անցանկալի կայքերի անհասանելիության ապահովման ծրագրի շրջանակներում։

Մասնավորապես՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության թույլտվությամբ Ucom ընկերությունը համակարգչային անվտանգության ոլորտում բարձր վարկանիշ ունեցող «Սայբերսեկ» ՍՊԸ-ի որակավորված մասնագետների աջակցությամբ և ընկերության «DNS» սերվերի միջոցով կապահովի անցանկալի կայքերի հնարավորինս անհասանելիությունը դպրոցներում: Բացի այդ, Ucom ընկերությունը մշտապես կհետևի ծրագրի անխափան իրագործմանը և հնարավորինս սեղմ ժամկետներում կարձագանքի և համապատասխան միջոցներ կձեռնարկի նախարարության կողմից ծրագրի իրագործման ընթացքում հայտնաբերված թերությունների մասին իրազեկում ստանալու դեպքում:

«Մենք կարևորում ենք ՀՀ հանրակրթական դպրոցներում  աշակերտների համար կրթական առցանց ռեսուրսների մատչելիությունը և դրանց անվտանգ հասանելիության ապահովումը։ Պիլոտային ծրագիրը ներկայումս իրականացվում է 20, իսկ հետագայում կներառի 1400 դպրոց», – ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։   

«Ucom-ը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ երկարամյա և արդյունավետ համագործակցության փորձ ունի մասնավորապես հանրակրթության ոլորտում։ Մեր ընկերությունը մշտապես եղել է ինտերնետի ազատ և միևնույն ժամանակ անվտանգ օգտագործման ջատագովը։ Որպես պատասանատու ընկերություն մենք օժանդակում ենք ծնողներին սահմանափակել իրենց անչափահաս երեխաների մուտքն ինտերնետ և զերծ պահել նրանց բռնություն կամ մերկություն պարունակող բովանդակություն դիտելուց։ Նաև համալիր լուծումներ ենք առաջարկում մեծահասակների համար նախատեսված բովանդակության արգելափակման համար և ինտերնետից ներթափանցող վիրուսների դեմ։ ՀՀ ԿԳՆ հետ այս համագործակցությունն, անշուշտ, ավելացնում է պատասխանատվությունը բոլոր դպրոցականների նկատմամբ», – նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։