Մարզերի դպրոցներում կներդրվի Վիքիակումբներ

Մարզերի դպրոցներում կներդրվի Վիքիակումբներ

ՀՀ Տավուշի մարզպետարանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տեղադրել, որով հայտնել է  համագործակցության հուշագիր ստորագրելու մասին։

«Այսօր համագործակցության հուշագիր է ստորագրվել ՀՀ Տավուշի մարզպետարանի և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակականկազմակերպության միջև: Հուշագիրը ստորագրել են Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Սուսաննա Մկրտչյանը: Կարևորելով Հայաստանի Հանրապետությունում կրթության ոլորտում 21-րդ դարի հմտությունների ներդրումն ու տարածումը, խթանելով ուսուցիչների և աշակերտների շրջանում ազատ և արդի գիտելիքի ու դրա ստեղծման հանդեպ հետաքրքրության բարձրացումը, գիտակցելով, որ համագործակցությունը հնարավորություն կընձեռի կրթության ոլորտում ներմուծել ժամանակակից մոտեցումներ և կհարստացնի վիքի հարթակներում որակյալ բովանդակության ստեղծումն ու տարածումը և նպատակ ունենալով մարզի աշակերտներին հնարավորություն տալ տեսական գիտելիքներին զուգահեռ ձեռք բերել նաև գործնական հմտություններ՝ կողմերը պարտավորվել են համագործակցել Հայաստանում Վիքիմեդիա նախագծերում բովանդակության ստեղծման և զարգացման գործում, ապահովել Վիքիմեդիա բովանդակությունից օգտվելու և Վիքի գործիքները կրթական գործընթացում ներդնելու գործում»,- նշված է հայտարարության մեջ։