«Աղջկա նման» կանանց զորեղացման ծրագիրը նաեւ Գյումրիում

«Աղջկա նման» կանանց զորեղացման ծրագիրը նաեւ Գյումրիում

Girls in Tech համաշխարհային ցանցի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ՝ շարունակվում է կանանց զորեղացմանն ուղղված նախագիծը, որն այս անգամ տեղափոխվել էր Գյումրի: Միջոցառման խոսնակներն էին` ԼՈՖԹ կենտրոնների գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյանը, Թումո Գյումրիի ղեկավար Նարե Ավագյանը, բժիշկ-սննդաբան, ԱՓՍԵ-ի համահիմնադիր Վարդանուշ Պետրոսյանը և «Եղիր տեղեկացված» ՀԿ-ի ղեկավար Արուսիկ Մկրտչյանը կամ DJ Վակցինան:   

Նախաձեռնությունն անվանվել է #LikeAGirl կամ «աղջկա նման», որը համաշխարհային մեծ արձագանք ստացած արշավ էր՝ ուղղված կանանց կարողությունների թերագնահատման դեմ: Հայաստանում նույնանուն նախաձեռնության նպատակն է անդրադառնալ հաջողակ կանանց պատմություններին եւ ոչ միայն օրինակ ծառայել կանանց ու աղջիկների համար, այլ նաեւ վերաիմաստավորել «աղջկա նման» արտահայտությունը, քանի որ աղջիկները նույնպես շատ հաճախ հաղթում ու հաջողության են հասնում:

Միջոցառումը Գյումրի տեղափոխելը հատուկ նպատակ էր հետապնդում՝ ապակենտրոնացնելու մայրաքաղաքում խտացած ակտիվությունն ու բացելու հնարավորությունները նաեւ մարզերի կանանց եւ աղջիկների համար: – «Սա շատ կարեւոր նախաձեռնություն է, քանի որ «աղջկա նման» արտահայտությունը չպետք է օգտագործել թերագնահատելու համար որեւէ երևույթ: Փոխարենը այս հաջողության պատմությունների միջոցով մենք ապացուցում ենք, որ աղջիկները ոչ միայն լավ ղեկավարում են, այլև կարողանում են համարձակ լինել եւ հաջողության հասնել, հետեւաբար արժանի են հավասար վերաբերմունքի և գնահատականի», – նշեց Girls in Tech-ի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Սեդա Պապոյանը:

Իր պատմությունն ու փորձը կիսելիս ԼՈՖԹ-ի տնօրեն Արեւիկ Համբարձումյանը մասնակիցներին կոչ արեց թույլ չտալ, որ սեփական վախերը հաղթեն ու հետ պահեն հաջորդ քայլն անելու վճռականությունից: Թումո Գյումրիի ղեկավար Նարե Ավագյանը, որ Հայաստանում ծնված լինելով՝ մանկությւոնից տեղափոխվել էր ԱՄՆ, ստացել որակյալ կրթություն եւ շատ հանկարծակի որոշել կատարել իր երազանքն ու վերադառնալ հայրենիք, վստահեցնում էր, որ պետք է հետեւողականորեն առաջ գնալ երազել-հավատալ-նվաճել ճանապարհով: Խոսնակներից DJ Վակցինան, ով երկու երեխաների միայնակ մայր է, բայց հասցրել է երեք մասնագիտություն ձեռք բերել, իր բազմազան փորձով կոտրեց ներկաների հնարավոր կարծրատիպերը: Իսկ սննդաբան եւ Հայաստանում առողջ սննդի առաջամարտիկներից Վարդանուշ Պետրոսյանն իր պատմության մի քանի դրվագով հաստատեց, որ անհնարը հնարավոր է:

#LikeAGirl նախաձեռնությանը Գյումրիում ներկա էին մոտ 5 տասնյակ կանայք եւ աղջիկներ՝ հիմնականում հենց գյումրեցիներ, ինչը կազմակերպիչները շատ են գնահատում ու ոգեշնչվում, որպեսզի շարունակեն ճամփորդել դեպի այլ մարզեր: Միջոցառման ավարտին DJ Վակցինան ապահովեց երաժշտական հատվածը իր սիրելի գործիքի մոտ:

Թեգեր: Girls in Tech