Այսօր երեխաների մեծ մասն ուզում է ծրագրավորող դառնալ․ Արմեն Սարգսյան

Այսօր երեխաների մեծ մասն ուզում է ծրագրավորող դառնալ․ Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանաը մասնակցել է Երևանում ընթացող  «Էվոլյուցիա և արհեստական բանականություն» միջազգային գիտաժողովին, որ  շրջանակում ողջունելով ներկաներին խոսել է տեխնոլոգիաների կարևորության, տեխնոլոգիական ներկայի և ապագայի մասին։

Նախագահն իր խոսքում նշել է, որ զարգացող տեխնոլոգիաներից ընկրկել պետք չէ, դրանք նախատեսված են ոչ թե մարդուն վնաս տալու համար, այլ նրան օգնելու և նպաստելու զարգացմանը։

« 50 տարի առաջ, երբ  համակարգիչը նոր էր ստեղծվել, մարդիկ վախենում էին, որ այն կխլի իրենց աշխատանքը, բայց եղավ հակառակը և համակարգիչները հսկայական  ինդուստրիա ստեղծեցին: Այսօր, երբ մեր երեխաներին հարցնում ենք, թե ինչ են ցանկանում դառնալ, մի մասն ասում է դիվանագետ, մյուսը մասը՝ ծրագրավորող: Եվ սա այն դեպքում, երբ սրանից 40 տարի առաջ մարդիկ վախենում էին համակարգիչներից»,- իր խոսքում նշել է  Արմեն Սարգսյանը:

ՀՀ նախագահը Հայաստանում տեխնոլոգիական մեծ ներուժ է նկատում, ինչն էլ ճիշտ ու հստակ քայլերի դեպքում կարող է զարգանալ միջազգային մասշտաբներին համապատասխան։

«Մեր երկրի ապագան եղել և շարունակելու է կապված լինել աշխարհի ապագայի հետ,-ասել է նախագահ Սարգսյանը: – Իսկ աշխարհի ապագան ավելի ու ավելի շարժվում է դեպի նորարարություն, գիտության ու տեխնոլոգիական բացահայտումների օգտագործումը մեր առօրյա կյանքում»:

Անդրադառնալով մեր երկրի ապագայի վերաբերյալ իր տեսլականին՝ նախագահը նշել է, որ այն կապված է նաև մարդկության ապագայի հետ: 

«Մենք պետք է հասկանանք, թե ուր է շարժվում մարդկությունը, որտեղ կլինի մարդկությունը 20, 30, 40, 50 տարի անց։ Եվ մենք՝ Հայաստանը, պետք է որոշի, թե որն է լինելու այդ աշխարհում մեր դերը: Ի՞նչ ենք պատրաստվում արտադրել, վաճառել, ո՞ւմ հետ ենք պատրաստվում առևտուր անել՝ լինի դա ապրանք, կամ գաղափար: Եվ ձեր համաժողովը կարևոր քայլ է ապագայի մասին գաղափարների փոխանակման համար: Ես հավատացած եմ, որ աշխարհի և Հայաստանի ապագան պետք է սերտորեն կապված լինի նոր տեխնոլոգիաների հետ, այն տեխնոլոգիաների հետ, որոնք ոչ թե ի հայտ կգան 10-20 տարի անց, այլ՝ այն տեխնոլոգիաների հետ, որը մենք ունենք այսօր և որոնք կզարգանան վաղը»,-նշել է Արմեն Սարգսյանը :

«Էվոլյուցիա և արհեստական բանականություն» խորագիրը կրող  միջազգային գիտաժողովը  տևելու է մինչև ապրիլի 3-ը։ Գիտաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել առաջատար գիտնականներ ու փորձագետներ աշխարհի տարբեր երկրներից՝ քննարկելու էվոլյուցիայի, գիտական ու տեխնոլոգիական հայտնագործությունների համաշխարհային միտումներն ու մարտահրավերները:

Թեգեր: AI, Armen Sargsyan, science, UATE