Բիլ Գեյթս
Երկար ժամանակ աշխարհի ամենահարուստ մարդը համարվող Բիլ Գեյթը, որը Microsoft ընկերության հիմնադիրն է, շատ է սիրում դիետիկ «Կոկա Կոլա» և գազավորված ըմպելիքից օրական 3-4 շիշ է օգտագործում: Նախաճաշի համար նա ուտում է շոկոլադե փաթիլներ, իսկ ճաշին՝ չիզբուրգերներ: Հատկանշական է, որ ճաշի ժամին համընկնող հանդիպումների ժամանակ Գեյթսի հյուրերը, անկախ իրենց ունեցած կոչումից ու պաշտոնից, ստիպված են չիզբուրգեր ուտել:
«Եթե դուք պետք է Բիլի հետ ճաշեք, ապա բուրգեր եք ուտելու: Ինչ-որ մեկին անընդհատ ճաշարան են ուղարկում նրա համար «ֆասթֆուդ» բերելու համար: Կարծում եմ՝ կինը նրան տանը թույլ չի տալիս չիզբուրգերներ ուտել»,-պատմել է Գեյթսի անձնական հիմնադրամի տնօրեն Ջո Սերելը:
Մարկ Ցուկերբերգ
Facebook ընկերության հիմնադիր-ղեկավար Մարկ Ցուկերբերգը խոստովանել է, որ չի սիրում երկար-բարակ մտածել՝ ինչ ուտել: Նա ուտում է այն, ինչ սիրտն ուզում է: Սակայն սա չի նշանակում, որ միլիարդատերը հետաքրքիր փորձարկումներ չի արել իր սննդակարգի հետ: Օրինակ՝ 2011թ. նա որոշել էր սնվել միայն այն կենդանիների մսով, որոնց անձամբ է սպանել: Արդյունքում նա ուտում էր այծի, խոզի միս, թռչնամիս և ծովախեցգետիններ: Twitter կայքի ղեկավար Ջեք Դորսին մի անգամ նրա տանը լինելուց հետո սարսափով պատմել էր՝ ինչպես է Ցուկերբերգը սպանել այծին ու հետո կենդանու միսը մատուցել:
Ջեք Դորսի
Ինքը`Դորսին, օրական մեկ անգամ է սնվում, իսկ հանգստյան օրերին նախընտրում է չուտել: Օրվա ընթացքում նա սնվում է 18:30-21:00-ն ընկած ժամանակահատվածում: Սովորաբար նա ուտում է ձկան միս, ճուտ կամ բանջարեղենային աղցանով սթեյք: Աղանդերի համար միլիարդատերն ուտում է հատապտուղներ կամ սև շոկոլադ: Բացի այդ, նա օգտագործում է վիտամիններ՝ հատկապես C վիտամին: Դորսիի պնդմամբ՝ այսպիսի սննդակարգն իրեն օգնում է միտքը միշտ թարմ պահել:
Սթիվ Ջոբս
Apple ընկերության հանգուցյալ հիմնադիր Սթիվ Ջոբսը հայտնի էր իր տարօրինակ դիետաներով: Նա միրգ-բանջարեղենային դիետաների սիրահար էր: Ջոբսը հավատացած էր, որ այսպիսի դիետան իր մարմինը մաքրում է տարբեր հոտերից: Իսկ երբեմն էլ Ջոբսն ընդհանրապես չէր սնվում ՝ պնդելով, որ քաղցը ստեղծում է «էյֆորիայի և էքսկատզի» զգացողություն:
Իլոն Մասկ
Tesla, SpaceX ընկերությունների գործադիր տնօրենը հազվադեպ է լիարժեք սնվում, սովորաբար բաց է թողնում նախաճաշը՝ սահմանափակվելով շոկոլադով ու սրճով: Մասկը սովորաբար ճաշում է գործնական հանդիպումների ժամանակ և ամեն ինչ ուտում է հաշված րոպեների ընթացքում՝ ինչը, ըստ նրա, «այդքան էլ օգտակար չէ»:
Ինչ վերաբերում է ընթրիքին, ապա Մասկը պատմել է, որ գործնական ընթրիքների ժամանակ չափից ավելի շատ է ուտում՝ սնվելով երկուսի փոխարեն: Միլիարդատերը նշել է, որ ուսանող ժամանակ սննդի վրա օրական ծախսում էր մեկ դոլար, սակայն նույնն անել մյուսներին խորհուրդ չի տալիս: