Հունիսի 24-ից 28-ը կկայանա «Հայաստան-Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումների շարք

Հունիսի 24-ից 28-ը կկայանա «Հայաստան-Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումների շարք

2019թ-ի հունիսի 24-28-ը ՀՀ կառավարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ Երևանում և Վանաձորում անցկացվելու է միջոցառումների շարք՝ «Հայաստան – Ինժեներական շաբաթ» խորագրի ներքո։

Շաբաթվա ընթացքում նախատեսվում են Բարձր տեխնոլոգիաների ոլորտի եռօրյա նեղ մասնագիտական սեմինարներ, ցուցադրություններ և փորձի փոխանակմանն ուղղված միջոցառումներ։ Շաբաթը կամփոփվի հունիսի 28- ին՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, որտեղ կկայանա Շաբաթվա արդյունքների քննարկում՝ պետական ու մասնավոր կառույցների ներկայացուցիչների և փորձագետների ներգրավմամբ, ինժեներական լուծումների ցուցահանդես և լավագույն սկսնակ ընկերությունների ներկայացումներ։

«Նմանատիպ միջոցառումները կարևոր են, քանի որ դիրքավորում են Հայաստանը  որպես բարդ և ամբողջական ճարտարագիտական լուծումներ առաջարկող երկիր: Հատկապես Ինժեներական քաղաքի հիմնման այս փուլում ավելի քան կարևոր է, որ Հայաստան ժամանեն արտերկրի մասնագետներ՝ քննարկելու տեխնոլոգիական ոլորտի վերջին զարգացումները և դրանք կիրառելու հնարավորությունները: «Հայաստան-Ինժեներական շաբաթի» հեռահար նպատակներից մեկն էլ դեպի Հայաստան նոր ընկերությունների ուղղորդումն է»,- ասել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:   

««Հայաստան-Ինժեներական շաբաթը» բարձր տեխնոլոգիական հարթակ է, որը Հայաստան կբերի ինժեներների՝ քննարկելու համաշխարհային մարտահրավերներն այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են ինքնակառավարվող տրանսպորտային միջոցներ, կիսահաղորդիչների նախագծումն ու թեստավորումը, 5G-ն, արդյունաբերական IOT-ը, արհեստական բանականությունը և դրանց դերը 4-րդ արդյունաբերական դարաշրջանի կառուցման ճանապարհին,»,-ընդգծել է Ինժեներական ասոցիացիայի տնօրեն Վարդան Ալեքսանյանը:  

«Հայաստան-Ինժեներական շաբաթ» միջոցառումների գործընկերներն են՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը (ՎՏԿ), YEA Engineering-ը,  PMI Science/Ֆիլիպ Մորիս Հայաստանը, Ինժեներական քաղաքը (EC), Նեյշընըլ Ինսթրումենթսը (NI), Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ՆԼՏԿ), Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (ԳՏԿ), Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը (AITC), Մոբայլ լուծումների ԵԿԱ տարածաշրջանային լաբորատորիան (mLab ECA), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ), Հայաստանի ազգային ինժեներական լաբորատորիաները (ANEL), Մայքրոսոֆտ ինովացիոն կենտրոնը (MIC)։

«Հայաստան – Ինժեներական շաբաթ» խորագիրը կրող միջոցառումների պաշտոնական բացման արարողությունը կկայանա 2019թ-ի հունիսի 24-ին, ժամը 10:00-ին Մարիոթ հյուրանոցային համալիրի Տիգրան Մեծ սրահում, իսկ Շաբաթը կամփոփվի հունիսի 28-ին՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ) արդեն երրորդ անգամ կազմակերպվող Ինժեներական համաժողով-ցուցահանդեսով, որը կմեկնարկի հունիսի 28-ին, ժամը 11։00-ին։

«Հայաստան – Ինժեներական շաբաթ»-ը կհամախմբի շուրջ 500 մասնակից՝ աշխարհի տարբեր երկրների պետական, գիտահետազոտական, կրթական, դոնոր կազմակերպություններից, նորաստեղծ և կայացած ինժեներական ընկերություններից։

30 տեղական և միջազգային կազմակերպություններ կներկայացնեն իրենց արտադրանքը, լուծումներն ու ծառայությունները՝ շաբաթվա ընթացքում կազմակերպվող ցուցահանդեսային հատվածներում, որոնց ակնկալվում է 1000-ից ավել այցելու:

«Հայաստան-Ինժեներական շաբաթ» միջոցառումներին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ: