Անմիջապես iPhone 5 սմարթֆոնի շնորհանդեսից հետո Apple ընկերության բաժնետոմսերը Nasdaq-ի բորսայում հասել են հերթական մաքսիմումի: Այս մասին են վկայում բորսայի տվյալները:
Յուրաքանչյուր բաժնետոմսի արժեքը հինգշաբի օրը ռեկորդային 685,5 դոլար էր: Համեմատելու համար, հիշենք, որ անցյալ տարի iPhone 4S-ի շնորհանդեսը հիասթափեցրել էր բոլորին, ինչի հետևանքով ընկերության բաժնետոմսերի արժեքը 15 րոպեում նվազել էր մոտ 10 դոլարով:
Որպես կանոն, յուրաքանչյուր տարի նոր iPhone -ի շնորհանդեսը համարվում է բջջային շուկայի ամենանշանակալից իրադարձությունը՝ որոշող սմարթֆոնների շուկայի հետագա զարգացումը: Եվ չնայած փորձագետները կարծում են, որ Apple-ին այս տարի չհաջողվեց հեղափոխական լինել, այնուամենայնիվ, iPhone 5-ը համեմված է մի շարք գրավիչ և նորարար տեխնոլոգիաներով:
Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ ընկերության յուրաքանչյուր բաժնետոմսի արժեքը կարող է առաջիկա 12 ամսվա ընթացքում հասնել 750 դոլարից մինչև 1000 դոլար:
Հիշենք, որ օգոստոսին Apple -ը համաշխարհային ռեկորդ սահմանեց՝ դառնալով աշխարհի ամենամեծ կապիտալիզացիա (640,23մլրդ. դոլար) ունեցող ընկերությունը երբևէ: