Android-ի մոդիֆիկացիա CyanogenMod-ն արդեն կարելի է ներբեռնել Google Play-ից

cyanogen_modAndroid օպերացիոն համակարգի CyanogenMod մոդիֆիկացիան հայտնվել է Google Play օնլայն խանութում: Այժմ շատ ավելի հեշտ կլինի տեղադրել այս ՕՀ-ն սմարթֆոնի վրա, քանի որ CyanogenMod Installer-ը հեշտացնում է այդ գործընթացը՝ թույլ տալով տեղադրումը կատարել ավտոմատ ռեժիմում: Օգտագործողից պահանջվում է միայն միացնել սմարթֆոնը համակարգչին, որի վրա նախապես տեղադրված կլինի վերոնշյալ հավելվածը:

Այս պահին CyanogenMod-ը հասանելի է Samsung Galaxy S II, S III, S4, Note և Note 2, Nexus 4, HTC One սմարթֆոնների,  ինչպես նաև Nexus 7 պլանշետի համար: Cyanogen-ի ներկայացուցիչների խոսքով՝ այս ցանկը պարբերաբար կթարմացվի նոր մոդելներով:

«Մենք հեշտացրել ենք ՕՀ-ի տեղադրումը, որպեսզի հնարավորություն տանք օգտագործողներին ծանոթանալ  CyanogenMod-ի առանձնահատկություններին», – ասել է Cyanogen-ի համահիմնադիր և տեխնիկական տնօրեն Սթիվ Կոնդիկը:

Ըստ Forbes-ի՝ մինչև այժմ CyanogenMod-ի բեռնումների թիվը հասել է 40 միլիոնի: Ընկերության ղեկավարները, հեշտացնելով ՕՀ-ի տեղադրումը, հույս ունեն զգալիորեն մեծացնել այս թիվը:

Աղբյուրը՝ Mashable.com