Gmail-ի նոր ֆունկցիան կխնայի Ձեր ժամանակը

Google-ն իր էլեկտրոնային փոստի ծառայությունում նոր կոճակ է ավելացրել: Օգտագործողներն այսուհետ կարող են տեսնել և պահպանել կից ֆայլերը անմիջապես իրենց Google Drive-ում: Ինտերնետ հսկան այս նորամուծությամբ ցանկանում է օգնել օգտագրողներին խնայել իրենց թանկարժեք ժամանակը:

«Դուք հավանաբար սովոր եք ներբեռնել էլեկտրոնային նամակներին կից ֆայլերը, բայց դա բավական ժամանակատար գործընթաց է, տարածություն է զբաղեցնում ձեր սարքավորման վրա: Նոր հնարավորության շնորհիվ դուք կարող եք խուսափել այս երկար պրոցեսից: Google Drive-ում փաստաղթերի պահպանությունը ավելի հարմար է: Եթե դուք այդ ծառայության 120 միլիոն ակտիվ օգտագործողներից մեկն եք, ուրեմն տեղյակ եք, որ կարող եք հասանելիություն ստանալ ձեր ֆայլերին ցանկացած վայրում և ցանկացած պահին ինտերնետ մուտք ունեցող սարքավորմամբ»,- իր բլոգային գրառման մեջ նշում է Google-ի արտադրանքի կառավարման տնօրեն Սքոթ Ջոնսթոնը:

Gmail-ի թարմացումն արդեն հասանելի է համակարգիչների օգտագործողների համար և մոտակա շաբաթների ընթացքում կթողարկվի նաև սմարթֆոնների և պլանշետների համար:

 Աղբյուր` pcmag.com