Google-ը կստեղծի Glass-ին գերազանցող նոր ֆանտաստիկ սարքավորում

Google-ի հաջորդ նախագիծը կարող է ավելի նորարարական լինել, քան խելացի ակնոցը: Ընկերությունը ցանկանում է մեկ քայլ առաջ մտածել՝ ներմուծելով Glass նախագիծը լինզաներում: Google-ը բանակցում է VSP Global ընկերության հետ, որի հետ համագործակցության արդյունքում կարող է ստեղծվել նոր ֆանտաստիկ սարքավորումը:

Google Glass-ի հիմնական թերություններից մեկն այն է, որ տեսողության հետ խնդիրներ ունեցող և ակնոց կրող մարդկանց համար անհարմար է կրել միանգամից երկու ակնոց: Նոր տեխնոլոգիան կարող է լուծել այդ խնդիրը: Բացի այդ, լինզաները բազմաթիվ առավելություններ ունեն ակնոցի նկատմամբ՝ անտեսանելիությունը, հարմարավետությունը, թեթևությունը, անվտանգությունը և այլն: Նոր տեխնոլոգիայի շուրջ աշխատանքների ժամանակացույցը դեռևս հայտնի չէ:

Ինտերնետ հսկայի խելացի ակնոցը շուտով կդառնա ամենօրյա օգտագործման սարքավորում: Առայժմ Google Glass-ի Explorer մոդելը հասանելի է միայն փորձարկողներին և նրանց ընկերներին: Ակնոցների փորձարկման և կատարելագործման աշխատանքները վերջացնելուց հետո Google-ը կարող է անցնել հաջորդ քայլին և կենտրոնացնել ուժերը լինզաների պատրաստման վրա:

Աղբյուր՝ zdnet.com