Իսրայելում գտնվող Դեյվիդ Բեն-Գուրիոնի անվան համալսարանի մասնագետները Samsung Knox հարթակում հայտնաբերել են լուրջ խոցելություն, որը թույլ է տալիս հաքերներին գողանալ օգտագործողի հաղորդագրությունները: Խոցելությունն օգտագործելով՝ չարագործները կարողանում են տեղադրել սմարթֆոնում վնասակար կոդ և դրա միջոցով ներթափանցել կորպորատիվ ցանցի մեջ: Հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով համալսարանի մասնագետներին:
Samsung Knox հարթակն օգտագործվում է Samsung Galaxy S4-ում, ինչպես նաև Samsung Galaxy Note 3 ֆաբլետում: Սակայն մասնագետները խոցելիությունը գտել են դեռևս միայն Samsung Galaxy S4-ում:
Samsung-ի մասնագետները պնդում են, որ խոցելությունը առաջացել է այն պատճառով, որ փորձարկված սմարթֆոնի վրա տեղադրված չի եղել անհրաժեշտ պաշտպանողական ծրագրային ապահովումը: «Վստահ եղեք, Knox-ը հնարավոր չէ կոտրել կամ վարակել վնասակար կոդով», — հայտարարել է հարավկորեական ընկերության ներկայացուցիչը՝ ավելացնելով, որ ընկերության մասնագետները պատրաստվում են ավելի լայն հետազոտություն կատարել՝ իսրայելական փորձագետների հայտնաբերածի ուղղությամբ:
Samsung Knox-ը լուծում է, որը թույլ է տալիս օգտագործել միևնույն սմարթֆոնն ինչպես գործնական, այնպես էլ անձնական նպատակներով, ընդ որում՝ տվյալները մնում են անջատ: Այս հարթակը շատ նման է Blackberry Balance-ին: Հիշեցնենք, որ Knox-ը ներկայացվել է հանրությանը 2013-ի փետրվարին:
Աղբյուրը՝ wsj.com