Android-ը կներդրվի ավտոմեքենաներում

android-carGoogle ընկերությունը ավտոմեքենաներ արտադրող մի քանի ընկերությունների հետ համատեղ հայտարել է Ավտոմեքենաների բաց դաշինքի ձևավորման մասին (Open Automotive Alliance, OAA), որի նպատակն է նպաստել Android օպերացիոն համակարգի ներդրմանը ավտոմեքենային համակարգիչներում:

«Մի սարքից մյուս սարքի վրա անցումն այսօր պետք է հնարավորինս պարզ ու աննկատ լինի, այսօր Android-ն աշխատում է սմարթֆոններում, համակարգիչներում, պլանշետներում, սակայն կա մի սարք, որը դեռ միացված չէ այս ցանցին. դա ավտոմեքենան է»,- ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ: Այս բացը լրացնելու համար Google-ը սկսել է համագործակցել Audi, GM, Honda, Hyundai և Nvidia ընկերությունների հետ:

Ավտոմեքենա արտադրողների համար այս համագործակցությունը նույնպես շահավետ է, քանի որ նրանք այլևս սեփական ուժերով չեն մշակի պահանջվող ծրագրային ապահովումները: Եթե նախագիծն իրականություն դառնա, ապա վարորդները կկարողանան ավտոմեքենային կցել իրենց Android հեռախոսը կամ պլանշետը: Սպասվում է, որ նման հնարավորություն ունեցող մեքենաները կթողարկվեն այս տարվա վերջին:

Աղբյուրը՝ officialandroid.blogspot.co.uk